Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Նունե Հարությունյանի
Տեղադրվել է 11-05-2018
Հայ երգչուհին` «Ուկրաինայի ձայնի» աստղ. Սրբուհի Սարգսյանը հայրենիքում է
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով վերջերս մասնակցել է «Ուկրաինայի ձայնը» նախագծին, փաստում է՝ իր համար ամենաուրախալին այն է, որ ինքը սիրվել է ուկրաինացի հանդիսատեսի շրջանում:

«Ուկրաինայի ձայնի» հայազգի աստղը Հայաստանում է, նա մայիսի 11-ին՝ Ուկրաինայից վերադառնալուց հետո, հանդես եկավ առաջին մամուլի ասուլիսով, որի ընթացքում երգչուհին պատմեց «Ուկրաինայի ձայնը» նախագծին իր մասնակցության մասին, ներկայացրեց իր առաջիկա ծրագրերը:

Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակչում Սրբուհու ելույթի ընթացքում էկրանին Ադրբեջանի դրոշն էր հայտնվել՝ Հայաստանի դրոշի փոխարեն: Անդրադառնալով դրոշի հետ կապված սկանդալին՝ Սրբուհին նշեց, որ ինքն էլ իրեն հարց է տվել, թե ինչու է նման խնդիր առաջացել, բայց երբ տեսել է կազմակերպիչների արձագանքը, մտածել է, որ դիտավորություն չի եղել: «Ելույթիս ընթացքում գլխավոր պրոդյուսերին տեսա շատ լարված վիճակում: Երբ հետո տեսա ելույթիս տեսանյութը, հասկացա, որ դրոշի համար էր խուճապը: Ես զարմացած էի, երկար ժամանակ ուշքի չէի գալիս: Ինձ մոտ էլ հարցեր էին առաջանում: Ադրբեջանցիների կողմից շատ դրական տեքստեր եմ ստացել, ինձ խաղաղության հրեշտակ էին անվանում, ես չէի սպասում նման բան»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց երգչուհին՝ հավելելով, որ կազմակերպիչների կողմից պաշտոնական ներողություն է ստացել:



Անդրադառնալով իր հաղթանակի շանսերին՝ Սրբուհի Սարգսյանը նշեց, որ իր համար պարզ էր, որ «Ուկրաինայի ձայն»-ում պետք է հենց ուկրաինացի հաղթեր: «Ինձ համար ամենակարեւորն այն է, որ ես սիրվել եմ իրենց հանդիսատեսի կողմից»,- առանձնահատուկ շեշտեց արտիստը՝ հավելելով, որ կազմակերպիչներն էլ իրեն ասում էին, որ մրցույթի ամբողջ պատմության մեջ նա միակ օտարերկրացին է, որ այդքան փուլեր է անցել. «Միակ մասնակիցներից եմ, որ երգել եմ տարբեր լեզուներով՝ անգլերեն, ուկրաիներեն, լեհերեն: Պրոդյուսերները վախենում էին, որ հայերեն չերգեմ, իմ օգտին չեն քվեարկի, դրա համար չերգեցի հայերեն»:

Մրցույթից հետո Սրբուհի Սարգսյանը բազում առաջարկներ է ստացել եւ առաջիկայում հանդես է գալու այլ ծրագրերով, որոնց մասին շուտով կտեղեկացնի հանդիսատեսին: Արտիստը վստահ է՝ անհնարին ոչինչ չկա, եւ ինքը պատրաստ է նվաճելու նոր հորիզոններ:



Ի դեպ, Սրբուհի Սարգսյանը օրերս Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մենահամերգով հանդես եկավ երկրպագուների առջեւ:

Նշենք նաեւ, որ երգչուհին մասնակցել է նաեւ «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծին, որում հանդես է եկել երաժիշտ եւ պրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: