Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Նունե Հարությունյանի
Տեղադրվել է 12-05-2018
«Երեւանի գինու օրեր». գինու տոն՝ Սարյան փողոցում
Մայիսի 11-ին եւ 12-ին երկրորդ անգամ անընդմեջ մայրաքաղաքում անցկացվում է «Երեւանի գինու օրեր» միջոցառումը:

Այն ընդգրկված է Երեւանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում եւ իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, ինչպես նաեւ «Ջի-Այ-Զեթ Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: 

Միջոցառման կազմակերպիչ «Էվենտտուրա» ընկերությունը մայրաքաղաքի Սարյան փողոցի Թումանյան եւ Պուշկին խաչմերուկների հատվածում երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին ներկայացրել է հայկական գինեգործության հնագույն ավանդույթները: Իրադարձության նպատակներից է բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը, ինչպես նաեւ անակնկալ ֆլեշմոբերի եւ ժամանցային իրադարձությունների միջոցով ներկաների համար երեկոն դարձնել հիշարժան: Միջոցառման նպատակն է խթանել զբոսաշրջությունը Հայաստանում եւ ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը: 

«Արդեն երկրորդ տարին Երեւանում անցկացվում է «Երեւանի գինու օրեր» միջոցառումը: Մեր նպատակն է, որ քաղաքում տոն լինի, եւ այն շատ լավ հարթակ է տուրիզմի զարգացման համար, որպեսզի մարդիկ, մասնակցելով այս միջոցառմանը, եւս մեկ անգամ գան Հայաստան: Համոզված ենք, որ միջոցառումն իր դրական ազդեցությունն է ունենում մեր երկրի վրա: Անցյալ տարի միջոցառումը բավականին սիրվեց, մանավանդ զբոսաշրջիկների շրջանում: Ակնկալում ենք, որ մասնակիցները շատ կլինեն»,- մեզ հետ զրույցում նշեց կազմակերպչական թիմի անդամ Մարթա Բալոյանը:  

Միջոցառման այցելուներին Հայաստանի եւ Արցախի լավագույն գինի արտադրողները ներկայացնում են գինիների շուրջ 200 տեսակներ, իսկ մայրաքաղաքի լավագույն ռեստորաններն ու սրճարաններն առաջարկում են հայկական եւ արտասահմանյան խոհանոցների լավագույն ուտեստները:

«Երեւանի գինու օրեր» միջոցառումն ուղեկցվում է բազմաժանր երաժշտությամբ, լավագույն բենդերի, DJ-ների կատարումներով:

«Երեւանի գինու օրերի» պատվավոր հյուրերն են միջազգային գինեգետներ, ճանաչված ֆուդ բլոգերներ: Միջոցառման կազմակերպիչներն ունեն պայմանագրեր հայկական եւ միջազգային տուր-օպերատորների հետ. վերջիններս ապահովելու են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից: 

Պատկերասրահ՝ Երևանի գինու օրեր - 2018