Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Հ. Ծատրյանի
Տեղադրվել է 12-05-2018
Արմանատականության եւ բռնության դրսեւորումը հայ երիտասարդության շրջանում
Իրականացել է երիտասարդական ոլորտի հետազոտություն, որի արդյունքում կազմվել է խիստ արդիական թեմայի վերաբերյալ ամփոփիչ գրքույկ։

Դեռ ամիսներ առաջ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը հետազոտություն էր իրականացրել «Արմատականության եւ բռնության մշակույթը երիտասարդության շրջանում» թեմայի շրջանակում։ Արդի միտումները վերհանելու նպատակով հետազոտությունը ներառել է ՀՀ մարզերը եւ մայրաքաղաք Երեւանը: Հատկանշական էր, որ հետազոտության համար անցկացվել էր հարցում թե՛ երեւանաբնակ, թե՛ մարզաբնակ 163 երիտասարդների շրջանում։

Հետազոտության արդյունքներն ամփոփող գրքույկը միայն վերջերս է լույս տեսել եւ մայիսի 11-ին ներկայացվեց հանրությանը։ Հետազոտության արդյունքները ներկայացրին «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն, երիտասարդական աշխատող Գրիգոր Երիցյանը, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ից հետազոտող, իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանը եւ հետազոտող Սոֆյա Մանուկյանը։ Վերջիններս, անդրադառնալով հետազոտությանը, նշեցին, որ այսօր Հայաստանում ցանկացած շեղում «ավանդականից» դիտարկվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք:

Հետազոտության համաձայն՝ հայ երիտասարդության շրջանում բռնության եւ արմատականության զարգացմանը նպաստում են ինչպես արտաքին գործոնները, ինչպիսիք են տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները, այնպես էլ ներքին գործոնները: Մեծ ազդեցություն ունի Հայաստանի՝ տարածաշրջանային հակամարտություններում ներգրավված լինելու հանգամանքը՝ որպես արտաքին ազդակ։

Ըստ հետազոտողների՝ հարցման ամենակենտրոնական հարցին պատասխանների հավաքագրման արդյունքում ստացվել է այնպես, որ հարցվողների ճնշող մեծամասնությունը հասարակությունում անհանդուրժողականության ամենատարածված տեսակն է համարել հոմոֆոբիան (հարցվածների մոտ 95%-ը), այն է՝ անհանդուրժողականություն ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ։ Երկրորդ տեղում էլ իսլամաֆոբիան է՝ անհանդուրժողականությունն իսլամ դավանողների նկատմամբ։ Հարցվածների 52.7%-ի կարծիքով՝ Հայաստանում երիտասարդության շրջանում կա այլադավանների՝ հատկապես իսլամադավանների հանդեմ անհանդուրժողականություն։

Համաձայն հետազոտության՝ անհանդուրժողականությունը եւ բռնությունը բխում են առաջնային աղբյուր հանդիսացող ընտանեկան միջավայրից (հարցվածների մոտ 79%): Հետազոտության մեջ նշվում է, որ ընտանեկան միջավայրը կարող է նաեւ նպաստել կրոնական կամ էթնիկ փոքրամասնությունների հանդեպ խտրականությանը՝ այս կերպ ազդելով ընտանիքի երիտասարդ անդամների վրա:

Հետազոտություն իրականացրած երիտասարդները կարծում են, որ ամենը կարող է բարելավվել, եթե ճիշտ կրթական ծրագրեր ներդրվեն ու անվերապահորեն իրականացվեն։ Լուծման հիմնական պատասխանատուն, ըստ հետազոտողների, պետությունն է։

Հավելենք, որ հետազոտությունը բացահայտել է՝ կրթական ու ակադեմիական միջավայրը որպես բռնության ծագման աղբյուր է շատ հարցվածների համար։ Դրան գերազանցում են միայն հեռուստատեսությունը եւ զանգվածային լրատվամիջոցները: