Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-05-2018
Աշխարհի տարբեր ծայրերից 90 հայ երաժիշտներ՝ մեկ բեմում
Աշխարհի 21 երկրներից ժամանած 90 հայ երաժիշտներ համախմբվել էին՝ ներկայացնելու հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից։ Համերգը մայիսի 14-ին կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
«Վերածննդից հաղթանակ» խորագրով համերգային երեկոյին մասնակցում էին Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երեւանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երեւանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը։ 



Ծրագրում հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի « Տոնական նախերգանք»-ը, Ավետիս Բերբերյանի «Ելի՛ր, ով հայ», Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատ», հատվածներ Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտ»-ից, Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ», Աշոտ Սաթյանի «Թռչեի մտքով տուն», Արամ Խաչատրյանի «Հաղթական պոեմ» եւ այլ ստեղծագործություններ։ 

Համերգը ղեկավարում էին երեք դիրիժորներ՝ Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը եւ Վահան Մարտիրոսյանը։



Որպես մենակատարներ հանդես եկան Սոնա Ռուբենյանը, Գուրգեն Բավեյանը, Հովհաննես Այվազյանը եւ այլք։

Պորտուգալիայից Հայաստան ժամանած ջութակահարուհի Նարինե Դոլարյանը երկրորդ անգամ էր մասնակցում այս նախաձեռնությանը, որի միջոցով զգում է հայ երաժիշտների միասնական ուժը. «Ապրելով դրսում՝ բոլորս ենք համախմբման կարիք զգում: Նախագծի նպատակը շատ կարեւոր է. հայրենիք կառուցելու գործում, լինի Հայաստան, թե Սփյուռք, պետք է համախմբված լինել»:



Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տարբեր նվագախմբեր ներկայացնող երաժիշտներին համախմբելը բարդ էր, բայց՝ միեւնույն ժամանակ հաճելիորեն հաղթահարելի. «Շատ կարեւոր  է, որ մեր հայ երաժիշտները միասին են կատարում այս ստեղծագործությունները։ Հուզիչ է տեսնել այս ամենը, որովհետեւ գրեթե ամբողջ նվագախմբի անդամները մեր մանկության ընկերներն են, որոնք սփռվել են աշխարհով մեկ եւ նորից կարողացել են հավաքվել կողք կողքի՝ համատեղ համերգ տալու համար»։



Սերգեյ Սմբատյանն էլ նմանօրինակ համերգների անցկացումը կարեւորում է, քանի որ մարդիկ տեսնում են՝ ինչպիսի երաժիշտներ ունենք մենք, ովքեր գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր բեմերում եւ կարողանում են միավորվել, հանդես գալ մեկ համերգով. «Տեսնում եմ ոգեւորություն, դրական լիցքեր, որոնք շատ ավելի ուժեղ են, քան այն դժվարությունները, որոնք հաղթահարեցինք»։

Սոնա Ռուբենյանը, ով կատարեց Ավետիս Բերբերյանի «Ելի՛ր, ով հայ» երգը, փաստում է՝ հայրենասիրական շունչը, զգացողությունները, որ կային դահլիճում, բառերով բացատրել հնարավոր չէ. «Երաժիշտների կարոտն եմ տեսնում, շատ ուրախ եմ, որ նրանք միասին Հայաստանում ելույթ ունենալու հնարավորություն ունեցան։ Ուրախ եմ, հպարտ, որ մասնակցում եմ այս նախագծին՝ աշխատելով այսպիսի երաժիշտների հետ»։ 



Նշենք, որ համերգային ծրագրի երաժշտական խմբագիրը Վարդուհի Մինասյանն էր, ռեժիսորը` Արամ Սուքիասյանը։