Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-05-2018
Հայ պատանի դերասանները Սոչիում հանդես են եկել միջազգային մրցույթին
Մասիս քաղաքի «Նոր սերունդ» թատերական ստուդիայի սաները Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հանդես են եկել անկախ երիտասարդ թատրոնների 9-րդ միջազգային «Пространство юных» մրցույթ-փառատոնին:

Բարձր մակարդակով անցկացված միջազգային մրցույթի շրջանակում պատանիները մասնակցության դիպլոմ են ստացել, ինչպես նաեւ արժանացել երկու հատուկ մրցանակի:

Մրցույթ-փառատոնն անցկացվել է ապրիլի 30-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում: Հայ պատանիների մասնակցությունը հնարավոր է դարձել «Մինորա» մշակութային կենտրոնի շնորհիվ:

«Մեր մշակութային կենտրոնն արդեն երեք տարի կազմակերպում է նկարչության, ասմունքի եւ թատերական արվեստի «Էտյուդ» հանրապետական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են մանկապատանեկան խմբեր, տարբեր կենտրոնների երեխաներ: «Էտյուդ»-ի շրջանակում մենք համագործակցում ենք տարբեր մշակութային կառույցների, փառատոների հետ: Մեր գործընկեր, «Пространство юных» մրցույթ-փառատոնի նախագահ Մաքսիմ Կորենի հրավերով Մասիսի թատերական ստուդիան (ղեկավար՝ Արշակ Զաքարյան) հանդես եկավ Սոչիում»,- նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):

Նրա խոսքով՝ մրցույթի ժյուրիի կազմում պրոֆեսիոնալ մասնագետներ էին տարբեր քաղաքներից, իսկ ժյուրիի նախագահն էր ռեժիսոր, Կոնստանտին Ռայկինի ղեկավարած Բեմարվեստի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Սերգեյ Շենտալինսկին: Ռոլանդ Ռեյի խոսքով՝ շուտով «Էտյուդ» հանրապետական մրցույթ-փառատոնին մասնակցած մյուս խմբերը նույնպես հանդես են գալու այլ երկրներում, ինչը շատ կարեւոր խթան է հայաստանյան խմբերի համար: Առաջիկայում երկու խումբ հանդես կգա Վրաստանում եւ Բուլղարիայում:

Նշենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ-փառատոնի նպատակն է հայտնաբերել եւ հարթակ տրամադրել նկարչության, ասմունքի եւ թատերական արվեստի ոլորտների շնորհալի երեխաներին ու պատանիներին: Այն հիմնադրվել է 2016 թ.-ին:

«Այս տարվանից որոշել ենք մրցույթ-փառատոնն անցկացնել տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը՝ հաշվի առնելով «Էտյուդ»-ի նկատմամբ մեծ հետաքրքրությունը եւ այն փաստը, որ շատ մասնակիցներ ունենք»,- հավելեց Ռոլանդ Ռեյը:

Տեղեկացնենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ-փառատոնի կազմակերպիչ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002 թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի եւ երաժշտական դպրոցների, երգի եւ պարային համույթների, ինչպես նաեւ մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի եւ անհատների հետ: Կազմակերպում եւ իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ եւ եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով եւ փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու եւ շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով: