Նյութը՝ Նելլի Անդրեասյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-05-2018
«Խառնաշփոթ»՝ Երեւանում
«MESS» («Խառնաշփոթ»). այս խորագիրն էր կրում այն ցուցահանդեսը, որը կազմակերպել էին Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները։

10 երիտասարդ արվեստագետներ, այդ թվում՝ նաեւ 2 չինացի ուսանող, իրենց աշխատանքներով զարդարել էին երեւանյան դալաններից մեկը: Ցուցահանդեսին ներկայացված էին գեղանկարչական տարբեր ոճերի շուրջ 80 աշխատանքներ՝ հետաքրքիր լուծումներով: 

Կային բնապատկերներ, կոմպոզիցիաներ, նատյուրմորտներ, դիմանկարներ եւ այլն: Ցուցահանդեսի բացման երաժշտական մասը վստահվել էր ջութակահար Գեորգի Գասպարյանին ու «Չամիչ» բենդին:

Այցելուները մեկ շաբաթ հնարավորություն ունեցան հիանալու ակադեմիայի ուսանողների ձեռքի ու մտքի թռիչքն արտացոլած կտավներով:



Ներկայացված աշխատանքներից 30-ի հեղինակը Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնի երկրորդ կուրսի սովորող 19-ամյա Մանու Հարությունյանն է: Ի դեպ, Մանուն ցուցահանդեսի գաղափարի նախաձեռնողն ու իրականացնողներից է: Այն հարցին, թե ինչու «Խառնաշփոթ», Մանուն պատասխանում է. «Ուզում էինք ցույց տալ մեր իրական նկարչական խառնաշփոթը, թե որքան տարբեր են մեր ձեռագրերը, իսկ ամենակարեւորն այն է, որ այցելուները հեղինակին գտնում էին ոճային էլեմենտներով»: 

Ցուցահանդեսի համահեղինակը՝ Մանուն, ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Բազմաթիվ ցուցահանդեսների կազմակերպչական աշխատանքներից բացի՝ Մանուն ունեցել է նաեւ երկու անհատական ցուցահանդես՝ «FATUM» եւ «Մի կտոր արեւ» խորագրերով: