Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 16-05-2018
Արսեն Քարամյանի շնորհավորական խոսքը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի շնորհավորական խոսքը Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ:

Սիրելի՛ երիտասարդներ,
սիրելի՛ ուսանողներ, 


Այսօր մեր երկիրը նշում է մեր հասարակության ամենաակտիվ, պայծառ ու խանդավառ  մասի՝ ուսանողների եւ երիտասարդների օրը:

Պատահական չէ, որ մեր կրթության եւ գիտության գլխավոր դարբնոցի՝ Երեւանի պետական համալսարանի հիմնադրման օրն է հռչակվել որպես Ուսանողների եւ երիտասարդների օր: Մեր ժողովուրդը միշտ էլ առանձնակի կարեւորել է կրթությունն ու գիտելիքը, եւ մեր երիտասարդությունն էլ մշտապես առանձնացել է կրթության ու գիտելիքի արժեւորմամբ:

Ուրախ եմ, որ արդեն մի քանի տարի է՝ ունենք ուսանողությանը եւ երիտասարդությանը նվիրված մեր ազգային օրը: Սա Հայաստանի Հանրապետության երիտասարդներին արժանին մատուցելու, ինչպես նաեւ նրանց խնդիրները, ցանկություններն ու ակնկալիքները բարձրաձայնելու հրաշալի առիթ է: Ուստի հորդորում եմ պատշաճ նշել մեր սիրելի երիտասարդներին եւ ուսանողներին նվիրված այս օրը, այն իսկապես դարձնել առանձնահատուկ:  

Սիրելի՛ ուսանողներ եւ երիտասարդներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ եւ մաղթում, որ գիտելիքների շարունակական հարստացումը եւ կարողությունների հետեւողական զարգացումը լինեն ձեր կենսակերպը կյանքի ողջ ընթացքում:  

Մաղթում եմ նաեւ անսպառ ուժ եւ եռանդ՝ կենսագործելու աշխարհն ու կյանքը բարեփոխելու ձեր նորարարական գաղափարներն ու ծրագրերը՝  ի նպաստ մեր հայրենիքի բարօրության եւ հզորացման: