Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-05-2018
«Ես ապրում եմ երաժշտությամբ…». Լեւոն Կարապետյան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում դաշնակահար Լեւոն Կարապետյանը հանդես եկավ մենահամերգով, որի ընթացքում կատարեց Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սեզար Ֆրանկի, Ալեքսանդր Սկրյաբինի ստեղծագործություններից:


«Երաժշտությունը բնությունն է, թռչունների ձայնը, դրանից են ծնվում ստեղծագործությունները, որոնք դարերով գրել են: Ինձ համար երաժշտությունն իմ աշխատանքն է, ես նաեւ ապրում եմ դրանով,- մեզ հետ զրույցում նշեց Լեւոն Կարապետյանը եւ հավելեց,- դաշնամուրը մանկուց եմ սիրում, երբ նվագում եմ, ինձ հոգեբանորեն շատ լավ եմ զգում, լցվում եմ կյանքի հանդեպ կրկնակի մեծ սիրով»:



Անդրադառնալով համերգային ծրագրին՝ Լեւոն Կարապետյանը ասաց, որ ստեղծագործությունների ցանկը պատահական չի ընտրել. Բախին մանկության, Մոցարտին պատանեկության հետ է ասոցացնում:



Նշենք նաեւ, որ Լեւոն Կարապետյանը, ավարտելով Երեւանի կոնսերվատորիան, տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ երկու տարի սովորել է Ստրասբուրգի պարի եւ երաժշտության ակադեմիայում։ Վարպետության դասեր է անցել մեծահամբավ դաշնակահարների մոտ։