Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի և Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-05-2018
«Հարսնացու հյուսիսից»-ը՝ նոր մատուցմամբ
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում երեկ՝ մայիսի 16-ին, տեղի ունեցավ «Հարսնացու հյուսիսից» ներկայացման պրեմիերան:
21-րդ դարում «Հարսնացու հյուսիսից»-ը շարունակում է հետաքրքրել մարդկանց եւ մինչ այսօր խիստ արդիական է: Այս մասին փաստում է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը: Տարբեր աշխարհներում ապրող երիտասարդ աղջիկ եւ տղա, ովքեր տարբեր սովորույթների, մշակույթների կրողներ են, հանդիպում են, եւ նրանց միավորում են սերը, բարոյականությունը եւ պարզությունը: 


«Եթե մենք հետադարձ հայացք չգցենք մեր անցյալին, ապա ներկան էլ չենք հասկանա: Կարեւոր է մարդը, մարդը մարդու հանդեպ բարոյական կեցվածքը: Աշխարհում իրար մերժող մշակույթներն անգամ պետք է գտնեն ելք՝ խաղաղ եւ համատեղ ապրելու համար: Այս ստեղծագործությունը գրված է հրաշալի գրչով, պարզությամբ, առանց սեթեւեթանքի, եւ հենց այս պատճառով էլ պիեսը բարձրանում է ակադեմիական թատրոնի բեմահարթակ»,- կարեւորում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը: 



Ներկայացումը նվիրվում է Ժորա Հարությունյանին, Վարդան Աճեմյանին եւ Առնո Բաբաջանյանին: Ժորա Հարությունյանի 90-ամյակը կլրանա հաջորդ տարի: Նրա պիեսները բեմադրվել են Հայաստանի բոլոր թատրոններում, այդ թվում՝ նաեւ Սունդուկյանի անվան թատրոնում: Ներկայացման մեջ օգտագործված են Առնո Բաբաջանյանի երգերը: Վարդան Աճեմյանն էլ առաջինն էր, որ այդ ստեղծագործությունը բարձրացրեց բեմահարթակ: «Հարսնացու հյուսիսից» ներկայացմամբ թատրոնի ղեկավարությունը եւ ստեղծագործական թիմը հարգանքի տուրք են մատուցում այդ երեք մեծերի հիշատակին:



Դերասանական կազմում ընդգրկված են թե՛ երիտասարդ եւ թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչներ: Մուրադի դերակատարը Արմեն Մարությանն է, Արուսյակինը՝ Աննա Էլբակյանը: Դերերում են նաեւ Արմեն Մարգարյանը, Ալլա Վարդանյանը, Մեսրոպ Աբտոյանը, Տաթեւիկ Հոռոփյանը եւ այլք: Բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը Մերի Սարգսյանն է, իսկ երաժշտական ձեւավորումը Լեւոն Խաչատրյանինն է: 



Ներկայացման լեզուն հայերենն է: Սակայն երբեմն պիեսի հերոսները միմյանց հետ խոսում են նաեւ ռուսերենով:

Տեղեկացնենք, որ «Հարսնացու հյուսիսից»-ը Ռուսաստանում ցուցադրելու ծրագրեր կան: 

Պատկերասրահ՝ «Հարսնացու հյուսիսից» ներկայացման պրեմիերան