Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-05-2018
Թանգարանների գիշեր. թանգարանային տոն՝ ամբողջ Հայաստանում
Թանգարանների միջազգային օրվան ամենամոտ շաբաթ օրն ավանդաբար ամբողջ աշխարհում անցկացվում է մի յուրահատուկ միջոցառում՝ Թանգարանների գիշերը:

Այդ օրը՝ երեկոյան, աշխարհի տարբեր անկյունների թանգարանները մինչեւ կեսգիշեր իրենց դռներն են բացում այցելուների առջեւ: Այս տարվա Թանգարանների գիշերն անցկացվեց մայիսի 19-ին: Հայաստանում Թանգարանների գիշերն անցկացվում է արդեն 15-րդ անգամ, Արցախում՝ 6-րդ անգամ: Միջոցառումն իրականացվում է Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՕՄ-ի հովանավորությամբ: Այս տարի միջոցառմանը միացել էին Հայաստանի եւ Արցախի 116 թանգարաններ:

2018 թվականին ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»: 

Ռուսական արվեստի թանգարանը Թանգարանների գիշերվա ամենասիրված վայրերից է: «Թանգարանների գիշեր ակցիային մենք ներկայացրել ենք «Տիկնիկը որպես հաղորդակցության միջոց» ցուցահանդեսով, որը ներկայացնում է Արամ Օհանյանի հեղինակային տիկնիկները: Ներկայացված է 35 ցուցանմուշ: Հեղինակն աշխատում է պոլիմերային կավով եւ հիմնականում պատկերում է հայտնի դեմքերին: Իր համոզմամբ՝ ինքն ավելի լավ է պատկերում մտացածին հերոսներին: Մենք ունենք տիկնիկ, որը ժամանակին համընթաց ու համահունչ է. առաջին անգամ հենց մեր թանգարանում ցուցադրվում է Նիկոլ Փաշինյանին պատկերող տիկնիկը»,- մեզ հետ զրույցում նշեց Ռուսական արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Մերի Դալլաքյանը:

Նրա խոսքով՝ ցուցահանդեսն անցնում է մարդասիրական գաղափարի ներքո, ներկայացված է նաեւ Գանդիի տիկնիկը: Մերի Դալլաքյանը հավելեց, որ այդ ցուցադրությունը եւս 10 օր բաց կլինի հանրության համար:

Թանգարանների գիշեր ակցիայի շրջանակում Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից պուրակում ասեղ գցելու տեղ չկար. բացօթյա տարածքում կազմակերպվել էր «Երեւանի հնչյունները» խորագիրը կրող համերգային-երաժշտական միջոցառում: 

Հովհաննես Թումանյանի թանգարանն էլ այցելուների պակաս չուներ: «Ներկայացրել ենք բազմաթիվ ծրագրեր, օրինակ՝ «Արտավազդ Թումանյանը՝ Վանում» ցուցահանդեսը, որը նվիրված է բանաստեղծի որդու սպանության 100-րդ տարելիցին: Շատ ակտիվ երեկո է, մեր թանգարանը երբեք այցելուների պակաս չի ունեցել: Գալիս են մարդիկ, ովքեր բազմիցս են եղել այստեղ, թանգարանը մագնիսի նման ձգում է դեպի իրեն: Ուրախացնում է նաեւ այն փաստը, որ մեծ է տարիքային կոնտրաստը. մեծեր, փոքրեր, երիտասարդներ գալիս են, հետաքրքրությամբ դիտում են, հարցեր տալիս աշխատակիցներին»,- մեզ հետ զրույցում նշեց թանգարանի Հանրահռչակման եւ ցուցադրությունների բաժնի ղեկավար Սուսաննա Ադամյանը: 

Մ. Սարյանի տուն-թանգարանի առջեւ մեծ հերթ էր գոյացել. այցելուները եկել էին ոչ միայն ունկնդրելու Թանգարանների գիշեր ակցիայի շրջանակում կազմակերպված մի շարք գեղեցիկ համերգները, այլեւ դիտելու ներկայացված մշտական ցուցադրությունը: 

Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի՝ մայիսի 18-ին, համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից: Թե՛ Թանգարանների միջազգային օրը եւ թե՛ Թանգարանների գիշերը մեր հասարակության սիրված տոներից են, ինչի վառ վկայությունը տարեցտարի ավելացող մասնակից թանգարանների եւ բազմահազար այցելուների թիվն է: 

Պատկերասրահ՝ Թանգարանների գիշեր - 2018