Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-05-2018
Պոեզիա, ցուցահանդես, ֆիլմեր՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում
«Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում այսօր Երեւանում մշակութային մթնոլորտ էր։ Բոլոր թանգարանները մարդաշատ էին եւ բաց բոլոր այցելուների առաջ։ Մենք այցելել էինք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ տեղում ծանոթանալու կազմակերպված մշակութային բազմաբնույթ միջոցառումներին։
Թանգարանների միջազգային օրը եւ «Թանգարանային գիշերվա» ընթացքում այցելուներն այստեղ հնարավորություն ունեին դիտելու «Հնագիտական ժառանգությունը՝ սերունդների համար. ճանաչել, արժեւորել, պահպանել» խորագրով ցուցահանդեսը, իսկ թանգարանի ներքին բակի ցուցասրահում՝ «Հուշապատում. դրվագներ Էրեբունի-Երեւանի տոնակատարություններից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին: 

Այցելուները նաեւ «Պատանի հնագետների» խմբի ուղեկցությամբ շրջեցին թանգարանում եւ ծանոթացան նմուշներին: 

Ցուցադրվեց նաեւ «Էրեբունի միջնաբերդը՝ վերականգնված» 3D ներկայացումը։ 

ՀՀ գրողների միության անդամների ներկայացմամբ կազմակերպվել էին նաեւ պոեզիայի ժամ, ինչպես նաեւ «Ֆրանսիայի մշակութային ժառանգությունը» թեմայով ֆիլմերի դիտում: 

Հյուրերը նաեւ Սեդրակ Մամուլյանի ճաշացանկից ուրարտական խոհանոցի նմուշներ համտեսելու, ազգագրական երգեր ու պարեր վայելելու, գիշերն «Էրեբունի» ամրոցում զբոսնելու հնարավորություն ունեցան:

«Թանգարանների գիշեր»-ն առաջին անգամ անցկացվել է 1997 թ. Բեռլինում: Բեռլինի քաղաքային իշխանություններն ամբողջ գիշերը բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները, ինչը ժողովուրդը մեծ ոգեւորությամբ ընդունեց: Շուտով այդ ակցիային միացավ գերմանական եւս 20 քաղաք: Արդեն 1999 թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին, իսկ մուտքը՝ անվճար: Այդ ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այդ նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությունը: 2001 թ. նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»: Այն վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: 

Պատկերասրահ՝ Թանգարանների գիշեր - 2018