Նյութը՝ Գայանե Առաքելյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-05-2018
Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երեւանի 2800-ամյակին
Բեռլինաբնակ տենոր եւ երգահան Մասիս Առաքելեանը սույն թվականի հունիսի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կներկայանա մենահամերգով, որը նվիրում է Էրեբունի-Երեւանի 2800-ամյա տարեդարձին։

Նա կներկայացնի Կոմիտասի, Ռոբերտ Շումանի եւ իր հեղինակային ստեղծագործություններից: 

Կոմպոզիտոր Մասիս Առաքելեանը տաղանդավոր եւ անվանի մեր հայրենակիցն է, ում ստեղծագործական եւ համերգային գործունեությունն ուղղված է հատկապես հայ երաժշտության ճանաչմանն ու տարածմանն աշխարհում։ Նա համերգներով հանդես է գալիս մի շարք երկրներում: Առաքելեանը մշակում է հին եւ ժամանակակից հայկական լիրիկական ստեղծագործություններ՝ դասական երգեցողությամբ նոր հնչողություն տալով դրանց։

Արվեստագետի առավել սիրված եւ հայտնի ծրագրերից «Կռունկ»-ը երաժշտական մի ճամփորդություն է, որտեղ հարյուրավոր տարիներ արեւելքի եւ արեւմուտքի մշակույթներն իրենց ճոխությամբ ու շնորհով հարստացնում են միմյանց։ «Կռունկ»-ը պատմում է տարբեր մշակույթների մեջ անտուն ճամփորդի փնտրտուքների մասին: «Կռունկ»-ը հասնում է մեր ակունքների խորքը՝ գտնելու լույսը: Մասիս Առաքելեանը երեւան է բերում Կոմիտասի բազմաթիվ երգերի թաքնված մոգական գաղտնիքները, նորովի է բացահայտում Սայաթ-Նովայի երաժշտությունը եւ այլն։ Նա կազմել եւ ներկայացնում է իր պոեզիան, կոմպոզիցիաներն ու նոր գեղարվեստական մշակումները վերջին երեք հարյուր տարվա հայկական երգարվեստից։ 

Հետաքրքրական է, որ Հնդկաստանում տեղի ունեցած նրա մենահամերգին, որի ընթացքում երգել է միայն հայերենով, ներկա են եղել ավելի քան 150 ազգերի ներկայացուցիչներ։ Բազմաթիվ հանդիսատեսներ, կիսելով իրենց տպավորությունները, ոգեւորությամբ նշել են. «Կարեւոր չէր, որ բառերը չհասկացանք։ Երաժշտությունն այնքան ազդեցիկ է, որ ուղղակիորեն մտնում է մարդու սիրտը»։

Մասիս Առաքելեանը ծնվել է Սպահանում (Իրան)՝ հայկական ընտանիքում։ Նա տասնմեկ տարեկանում սկսել է իր եկեղեցական երգեցողության կրթությունը հայ դիրիժոր Մովսես Փանոսեանի մոտ՝ որպես մենակատար։ Տասներեք տարեկանում արդեն Իրանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված երիտասարդական թատերական մրցույթում ստացել է առաջին մրցանակը։ Մասնագիտական կրթություն է ստացել նաեւ Գերմանիայում՝ որպես դասական տենոր եւ կոմպոզիտոր։ Ապրում եւ ստեղծագործում է Բեռլինում։

Մասիս Առաքելեան կոմպոզիտորը երգեր է գրել դեռ քսան տարեկանից: Նա մշակում է նաեւ հին եւ ժամանակակից հայկական, պարսկական եւ այլ լիրիկական ստեղծագործություններ: Ունի բազմաթիվ նոր գործեր, որոնք դեռ չի ներկայացրել հանդիսատեսին: 

Արվեստագետը ստեղծել եւ ղեկավարել է Բեռլինի հայկական համայնքի երգչախումբն ու նվագախումբը, ինչպես նաեւ սիրված «Մագումա» ջազ խմբի հիմնադիրներից է: Մասիս Առաքելեանն ընթացիկ տարվա սկզբին հիմնադրել եւ ղեկավարում է Բեռլինի հայկական կիրակնօրյա «Գիտելիք» դպրոցի մանկական երգչախումբը։ Ներկայումս շրջագայում է համերգներով՝ իր «Կռունկ» եւ «Երկխոսություն» ծրագրերով։