Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-05-2018
Երեւանը ջազ էր լսում
Մայիսի 22-ի երեկոյան Երեւանում տրամադրությունը ջազային էր: «Կասկադ» համալիրի տարածքում կազմակերպվել էր ջազ երաժշտության երեկո՝ հնարավորություն ստեղծելով ջազի ռիթմերի ներքո վայելելու երեկոյան Երեւանը:
Չնայած տեղացող անձրեւին՝ «Կասկադ» համալիրի տարածքը մարդաշատ էր.  երիտասարդները, մեծահասակները միացել էին հին ու նոր երգերի կատարումներին: Ուրախ երգի, պարի ջերմությունը փոխանցվել էր ամբողջ քաղաքին:

Բեմում էր հանրային հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ Մարտին Վարդազարյանի խմբավարությամբ: Համերգային ծրագրի շրջանակում ելույթ ունեցան հայկական ջազային խմբերն ու անհատ կատարողները՝ ներկայացնելով հայ եւ արտասահմանցի ջազմենների սիրված կատարումներից:

«Սիրում եմ ջազ երաժշտություն, որովհետեւ այն լսելիս թարմություն, լիառատ կենսական ուժ, ազատություն ես զգում: Այլ ոճերի երաժշտությունների մեջ այդ ազատությունն այդքան էլ չեմ գտնում»,- մեզ հետ զրույցում նշեց Մարինե Սաղաթելյանը:

Արփինե Թումանյանն էլ սիրում է լսել ջազ երաժշտություն, սակայն առավել շատ գնահատում է քաղաքն աշխուժացնելու, բաց համերգ կազմակերպելու գաղափարը. «Մենք՝ երիտասարդներս, ինչպես նաեւ մեր քաղաքն այսպիսի ուրախ տրամադրությունների կարիք շատ ունի: Պետք է նմանօրինակ միջոցառումներն ավելի հաճախակի դարձնել՝ ուրախ շունչ փոխանցելով մեր քաղաքին»:

Նշենք, որ Երեւանում ջազային բաց համերգներ հաճախակի են կազմակերպվում: Աշխարհն ունի նաեւ Ջազի միջազգային օր, որն ամեն տարի Հայաստանում մեծ շուքով է նշվում: 

Պատկերասրահ՝ Ջազ երաժշտության երեկո «Կասկադ»-ում