Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 26-05-2018
Կիեւում ամփոփվում է եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարը
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Ռեալի» երրորդ անընդմեջ հաղթանակին կարող է խանգարել մրցաշրջանում միակ իրական մրցանակի համար պայքարող «Լիվերպուլը»:
Եվրոպական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբ Մադրիդի «Ռեալը» կարողացավ չեմպիոնական ուղի անցնել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլից եւ այսօր եզրափակիչում ամենահեղինակավոր ակումբային մրցանակը կվիճարկի անգլիական «Լիվերպուլի» հետ խաղում: Ուկրաինան դեռ երկու տարի առաջ էր ստացել մայրաքաղաք Կիեւում՝ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մարզական եզակի միջոցառում իրականացնելու թույլտվություն: Այսօր քաղաքի բնակիչներն ու քաղաքային իշխանություններն ամեն ինչ անում են մրցաշարի պատշաճ անցկացման համար՝ ստեղծելով նոր ենթակառուցվածքներ՝ ֆան-զոնաներ, համաշխարհային մեծության աստղերի մասնակցությամբ խաղեր, հեղինակավոր Չեմպիոնների լիգայի գավաթի հանրային ցուցադրություն...
 
Մադրիդի «Ռեալը», փլեյ-օֆֆ փուլում հաղթելով ֆրանսիական «Լիգա 1»-ի չեմպիոն «Պարի Սեն Ժերմենին», իտալական «Ա Սերիայի» վերջին մրցաշրջանների անփոփոխ հաղթող «Յուվենթուսին» ու գերմանական ֆուտբոլի առաջատար Մյունխենի «Բավարիային», բացառիկ հնարավորություն է ստացել երրորդ անընդմեջ տարին մասնակցել եզրափիչին  եւ հաղթանակի դեպքում դառնալ առաջին ակումբը, որը երեք անգամ անընդմեջ հաղթում է Չեմպիոնների լիգայում: «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է բացառիկ արդյունք գրանցել, եթե հաղթի մրցաշարում երրորդ տարին անընդմեջ. մինչեւ այժմ եւ ոչ մի մարզչի այդպիսի արդյունք գրանցել չի ստացվել:
 
Սակայն անգլիական «Լիվերպուլի» կազմում խաղում են ֆուտբոլիստներ, որոնք հաղթանակների մեծ ծարավ են զգում: Նրանց է պատկանում մեկ այլ կարեւոր ռեկորդ, որն է՝ անգլիական թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում միայն Չեմպիոնների լիգայում խփած 46 գոլ արդյունքը: Սա հեղինակավոր մրցաշարի համար բացառիկ ռեկորդն է: Ոչ պակաս նշանակություն ունի նաեւ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի դերակատարությունը. չնայած նախկինում գերմանացի մասնագետը ստացել էր լավ հնարավորություն հաղթելու այս մրցաշարի եզրափակիչում, սակայն տարիներ առաջ Անգլիայում կայացած գերմանական դիմակայությունում Յուրգեն Կլոպի՝ այն ժամանակ մարզած աստղային ու խոստումնալից Դորտմունդի «Բորուսիան» պարտվեց Մյունխենի «Բավարիային»: Այնպես որ այս խաղում չհաղթելը թույլ կտա գերմանացու չարախոսներին մի լավ արշավ սկսել:
 
Եթե Մադրիդի «Ռեալը» հաղթի այս խաղում, ապա «սերուցքայինների» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն կդառնա ֆուտբոլի պատմությա դեռեւս միակ ֆուտբոլիստը, ում կհաջողվի հաղթել մրցաշարում 5 անգամ: Իհարկե, «Ռեալին» հաղթանակի առումով մոտիվացնելու այլ պատճառներ եւս կան, քան միայն թիմի առաջատարի բացառիկությունը:
 
Նախախաղային մամուլի ասուլիսին այդ մասին խոսեցին «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը եւ ակումբի ֆուտբոլիստներ Սերխիո Ռամոսն ու Մարսելոն: Եթե ֆուտբոլիստների համար կիեւյան եզրափակիչը կարող է մրցաշրջանում միակ մրցանակը նվաճելու մոտիվացիա լինել, ապա մարզչի համար այլ կարեւոր հանգամանքներ էլ կան, այդ թվում՝ աշխատանքի շարունակումը ակումբի հետ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարձագանքի «Ռեալի» ղեկավարությունը, եթե մրցաշրջանն ավարտվի առանց մրցանակների, որոնք ակումբը «կորցրեց» հիմնական ախոյանի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ պայքարում՝ վերջինիս զիջելով իսպանական «Լա Լիգան» եւ «Արքայական գավաթը»:
 
Անդրադառնալով երկու թիմերի՝ միմյանց միջեւ նախորդիվ մրցակցությանը՝ նշենք, որ մինչեւ այժմ տեղի է ունեցել 5 մրցավեճ եւ բոլորն էլ Չեմպիոնների լիգայի շրջանակում: «Լիվերպուլը» երեք հաղթանակ է տոնել, այդ թվում՝ 1981 թ.-ի եզրափակիչում, իսկ երկու հանդիպում ավարտվել է «Արքայական» ակումբի հաղթանակով: Վերջին անգամ ակումբները մրցել են 2014-2015 մրցաշրջանի խմբային փուլի ժամանակում:
 
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հենց այն նույն մարզադաշտում, ինչ որ «ԵՎՐՈ-2012»-ի եզրափակիչը, որում հաղթեցին իսպանացիները: «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն այդ մասին վառ ու մնայուն հիշողություններ պահպանած կլինի, եւ դրանց վերապրումը արդեն ակումբային մակարդակում բնավ չէր խանգարի «սերուցքայիններին» ու իրենց՝ Կիեւ ժամանած բազմահազար երկրպագուներին:

 «Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: