Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-05-2018
1918-ի այս օրը՝ մայիսի 28-ին, հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը
Հայոց պատմության ամենակարեւոր իրադարձություններից մեկը տեղի է ունեցել այս օրը: 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւել է երկու տարի՝ մինչեւ 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: Ըստ Հայկական Հանրագիտարանի՝ ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. քառ. կմ էր,  բնակչությունը՝ 700 հզ., մայրաքաղաքն այն ժամանակ եւս Երեւանն էր: Eritasard.am-ը, օգտվելով տարբեր աղբյուրներից, ներկայացնում է համառոտ պատմական ակնարկ մայիսի 28-ի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության մասին:

Ինչպես հայ ազգը կրկին պետականություն ունեցավ 

Առաջին Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:

1918 թ.-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր. 

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»: 

Փաստորեն, 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը:

1918 թ. հունիս սկզբին հրապարակվել է հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:

Մինչեւ Թիֆլիսից կառավարության ժամանումը Երեւան՝ իշխանությունն իրականացրել է Երեւանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:

Առաջին պայմանագիրը՝ Թուրքիայի հետ
 
Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրը Թուրքիայի հետ ստորագրել է Բաթումում 1918 թ.-ի հունիսի 4-ին: Այդ պայմանագրով Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արեւմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլեւ Արեւելյան Հայաստանի մի շարք շրջաններից. Հայաստանի Առաջին Հանրապետությանը մնացել է ընդամենը 12 հզ. քառ. կմ տարածք: Հայաստանին նաեւ պարտադրվում էր իր տարածքում զինաթափել զինված ջոկատները: 

Հայաստանի խորհրդի ձեւավորում

1918 թ.-ի հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը վերջապես ժամանել է Երեւան: Կազմվել է բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ Հայաստանի խորհուրդը (հետագայում` խորհրդարան), որտեղ ընդգրկվել են տարբեր կուսակցությունների, ազգային խորհուրդների անկուսակցական եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Հուլիսի 24-ին հրապարակվել է գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը: Վարչապետ է դարձել Հովհաննես Քաջազնունին, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյանը, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյանը:

Առաջին Հանրապետության միջազգային ճանաչումը 

1920 թ.-ից սկսվել է Հայաստանի միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 23-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի երկրները որոշել են դե ֆակտո ճանաչել Հայաստանի անկախությունը: 1920 թ.-ի ապրիլի 24-ին ճանաչել է նաեւ ԱՄՆ-ը: Հայաստանում ներկայացուցչություններ են ստեղծել Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, միջազգային տարբեր ընկերություններ:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյություն է ունեցել երկուսուկես տարի: Հայտնվելով միջազգային հակասությունների կիզակետում, պարտվելով Թուրքիային, մշտապես ենթարկվելով Խորհրդային Ռուսաստանի ճնշմանը, լքված Արեւմուտքի օգնությունից` Հայաստանի Առաջին Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալուց: Դրան հաջորդել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: 

Պատկերասրահ՝ Հայաստանի Առաջին Հանրապետություն - 100 (տոնական համերգ, 28.05.2018)

Պատկերասրահ՝ Հայաստանի Առաջին Հանրապետություն - 100 (Երեւան, 28.05.2018)

Պատկերասրահ՝ Հայաստանի Առաջին Հանրապետություն - 100 (Սարդարապատ, 28.05.2018)