Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-05-2018
Անգամ Մալթայի հավաքականին հաղթելն է դարձել անհնար
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը արդյունավետ ոչ-ոքի խաղաց Մալթայի ազգային հավաքականի հետ՝ երկրորդ խաղակեսի վերջնամասն անցկացնելով 10 ֆուտբոլիստով։
Վարդան Մինասյանի՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի դերում երկրորդ փորձը կարող էր առավել լավ դասավորվել, սակայն Մալթայի ազգային հավաքականը ցույց տվեց, որ ժամանակակից ֆուտբոլում հաղթանակները հենց այնպես չեն տրվում, այն պետք է վաստակել, պետք է կարողանալ ֆուտբոլ խաղալ։ Ավստրիա մեկնած Հայաստանի ընտրանին դեռ հաղթանակներ ապահովող խաղ ցույց չի տալիս՝ չնայած գլխավոր մարզչի տրամադրության տակ նոր ֆուտբոլիստներ էին հայտնվել։
 
Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» ստադիոնում կայացած Հայաստանի եւ Մալթայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը փորձարկումներ անելու լավ հնարավորություն էր Վարդան Մինասյանի համար: Մասնագետին անհրաժեշտ է փոփոխել ոչ միայն ֆուտբոլիստների հոգեբանությունը, այլեւ փորձել նոր համագործակցություն ստեղծել ազգային հավաքականի կազմը համալրած նորեկների եւ հնաբնակների միջեւ։
 
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը մեկնարկային կազմում տեղ էր տվել մի քանի նորեկների։ Առաջին խաղակեսում ընտրանու կազմում նորամուտ նշեցին պաշտպան Ժոաո Ժորդի Արարատը եւ կիսապաշտպան Իվան Յագանը։ Եթե Ժոաո Ժորդի Արարատը չկարողացավ մեծ հաշվով տպավորություն թողնել՝ երկրորդ խաղակեսում տեղը զիջելով ունիվերսալ պաշտպան Հովհաննես Համբարձումյանին, ապա Իվան Յագանին հաջողվեց աչքի ընկնել մի շարք գրագետ ու վառ գործողություններով, այդ թվում՝ կիսապաշտպանին հաջողվեց գնդակն ուղարկել մրցակցի դարպասը հանդիպման 13-րդ րոպեին՝ առաջ մղելով Հայաստանի ազգային հավաքականին։
 
Մինչեւ ընդմիջում հաղթական հաշիվ պահպանել չստացվեց, քանի որ հանդերձարան գնալուց առաջ Մալթայի հավաքականին հաջողվեց 11 մետրանոց տուգանային հարվածի իրացման լավ հնարավորություն ստանալ։ Ընձեռված պահը օգտագործեց Անդրեյ Աջուսը՝ 11 մետր նշանակետից գնդակն ուղարկելով Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը։
 
Երկրորդ խաղակեսում Վարդան Մինասյանը թարմ ուժեր դուրս բերեց խաղադաշտ, սակայն հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով: Հատկանշական է, որ Հայաստանի ազգային ընտրանին ավարտեց հանդիպումը 10 հոգով: Խաղի 74-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ եւ խաղադաշտից հեռացավ պաշտպան Վարազդատ Հարոյանը:
 
Ընդամենը մեկ խաղով, այն էլ Մալթայի ազգային ընտրանու պես մրցակցի հետ դժվար է իրական պատկերացում կազմել Հայաստանի ազգային հավաքականի հետագա անելիքների առումով։ Սա կարող է խաբուսիկ արդյունք լինել, չնայած ժամանակակից ֆուտբոլում անգամ գաճաճներն էլ հենց այնպես չեն հանձնվում, եթե անգամ մրցակցի կազմում հանդես է գալիս համաշխարհային աստղ՝ ի դեմս Հենրիխ Մխիթարյանը, որը կրկին ազգային հավաքականի կազմում շարունակում է խամրած տեսք ունենալ։ Անգամ հարձակվող Էդգար Բաբայանի խաղադաշտ դուրս գալը չօգնեց Հայաստանի ազգային հավաքականին հաղթանակ կորզելու համար։