Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Նունե Հարությունյանի
Տեղադրվել է 02-06-2018
Հունիսի 1-ին «Երազ» այգին բացեց իր դռները
Մանուկների ու նրանց ծնողների հոսքը «Երազ» այգի չէր դադարում: Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Երազ» այգին պաշտոնապես բացեց իր դռները: Պաշտոնական բացմանն այգում տոնեցին Երեխաների պաշտպանության օրը:
Մանուկներին դիմավորեցին «հրաշքների աշխարհից» «Երազ» այգի տեղափոխված Ալիսան ու համանուն հեքիաթի Գլխարկագործը: Յուրահատուկ դիզայնով պատրաստված սեղանի շուրջ նրանք զրուցեցին ու «թեյ ըմպեցին», իսկ երեխաներն ուշի-ուշով հետեւում էին նրանց: 

Այգում հունիսի 1-ին կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ Հայաստանի տարբեր մարզերից ու Երեւանից այգի եկած պարային խմբերը ներկայացրին պարային համարներ՝ հայկական ժողովրդական պարերից մինչեւ ժամանակակից: Համերգային ծրագիրը, որը մեկնարկել էր դեռեւս առավոտից, ներառեց նաեւ երաժշտական համարներ, այդ թվում՝ խաղեր ծաղրածուի հետ: Անցկացվեցին նաեւ մրցույթներ, ներկայացումներ: Դե՛, մրցույթների հաղթողներին էլ հանձնվեցին անակնկալներ:

Բացօթյա տաղավարներում տարբեր ընկերություններ կազմակերպել էին նաեւ մանկական թեմատիկայով ապրանքների ցուցադրություն-վաճառք: Տոնական ծրագիրն ու զվարճանքները երեկոյան կավարտվեն շքեղ հրավառությամբ: 

Նշենք, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարվա հունիսի 1-ին: Այն 1949 թվականին հաստատվել է Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Բացի դրանից՝ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) եւ Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (հունիսի 16)։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում։

Պատկերասրահ՝ 
«Երազ» այգու պաշտոնական բացումը (01.06.2018)