Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Նունե Հարությունյանի
Տեղադրվել է 03-06-2018
Երեւանում նշվեց Եվրոպայի օրը
Երեւանում հունիսի 2-ին նշվեց Եվրոպայի օրը: Եվրոպայի օրվա բացօթյա տոնակատարությունների մեկնարկը Երեւանում տրվեց հեծանվային երթով, որին մասնակցեցին 150-200 հեծանվորդներ: Այնուհետեւ Հյուսիսային պողոտայում անցկացվեցին Եվրոպայի օրվան նվիրված բացօթյա տոնակատարությունները, որոնց մասնակցեցին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ ԵՄ անդամ երկրների դեսպանները:

Լրագրողների հետ զրույցում Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետարանին եւ բոլոր գործընկերներին «Եվրոպայի օր» տոնական միջոցառումը կազմակերպելու համար: Նա փաստեց՝ Եվրոպայում հայերին համարում են եվրոպական ընտանիքի անդամ: «ԵՄ-ը Երեւանում շատ ակտիվ է, հիշեցնեմ, որ վերջին 7 տարվա ընթացքում ԵՄ-ը Երեւանին հատկացրել է 25 մլն եվրո: Եվրոպայի օրը մենք տոնում ենք հայերի հետ, որովհետեւ հայերին համարում ենք Եվրոպայի առավել ընդարձակ ընտանիքի անդամ: Եվրոպայի օրը համերաշխության, միասնության եւ ազատության օր է: Օրվա կապակցությամբ մենք տոնում ենք այն արժեքները, որոնք միավորում են Հայաստանը եւ Եվրամիությունը»,- նշեց Սվիտալկսին:

Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառում էին տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվում են ԵՄ-Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը եւ եվրոպական մշակույթի բազմազանությունը: Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվում էին «Եվրոպան այստեղ է» կարգախոսի ներքո: Տեղեկատվական ցուցահանդեսների ընթացքում ներկայացված էին Եվրոպական միության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք թիրախավորում են Հայաստանի բոլոր մարզերի համաչափ զարգացումը բազմաթիվ ոլորտներում՝ մարդու իրավունքներ, արդարադատություն, գյուղատնտեսություն, մշակույթ, կրթություն, շրջակա միջավայր, տուրիզմ, բիզնես աջակցություն, քաղաքացիական հասարակություն, միգրացիա, առողջապահություն: Այցելուները տաղավարներում շրջելու, ծրագրերին ծանոթանալու ու հետագայում դրանց մասնակիցը դառնալու, ինչպես նաեւ մշակութային միջոցառումների, տարատեսակ մրցույթների մասնակցելու, անակնկալ նվերներ ստանալու, երաժշտություն վայելելու ու պարելու, եվրոպական համեղ ուտեստեր համտեսելու հնարավորություն ունեին: 

Այս տարի Եվրոպական միությունը հանդես էր եկել նոր նախաձեռնությամբ: Հայաստանի տարբեր անկյուններում ապրող պատանիները, որոնք հաճախում են երաժշտական դպրոցներ, կատարեցին Եվրոպայի օրվա օրհներգը: 

Նշենք, որ 1950 թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների եւ զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի եւ միասնական արժույթի (եվրո) հետ արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների եւ տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է Եվրոպայի հասանելիությանը ինչպես իր, այնպես էլ հարեւան պետությունների քաղաքացիների համար:

Պատկերասրահ՝ Եվրոպայի օր - 2018