Նյութը՝ Ալմիրա Նիկողոսյանի, Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ Ալմիրա Նիկողոսյանի
Տեղադրվել է 07-06-2018
Քամու նման ազատ
Եթե ունես խենթ ու խելառ գաղափարներ, որոնք երբեք իրականացնելու բախտ չի վիճակվել, եթե որոնել ես տարաբնույթ արկածներ, բայց միշտ մի բան խոչընդոտել է դրանց եւ, վերջապես, երբ ամբողջ կյանքդ երազել ես քամու նման ազատ լինել ու սավառնել հեռուներ՝ գտնելով նոր հորիզոններ, ապա ԵԿԾ-ն մտորումներիդ ու ցանկություններիդ լավագույն լուծումն է:

Նոր երկրներ շրջագայելու, նոր եզերքներ բացահայտելու ցանկությունն ինձ մոտ վաղուց է նկատվել: Առաջին հիշողություններս տանում են դեպի հեռավոր իննսունականներ, երբ մուլտֆիլմեր դիտելու եւ հեքիաթի պատկերազարդ գրքերն ուսումնասիրելու փոխարեն մեր հյուրասենյակի բազմահատոր գրադարանից մի փոքրիկ ու գունավոր գիրք էի վերցրել: Այն ինձ այնքան էր տպավորել, որ ուր գնում էի, անպայման հետս տանում էի, իսկ գիշերը բարձիս տակ էի պահում՝ երազելով եւ հավատալով, որ օրերից մի օր այդ գրքույկի էջերում ամփոփված ճոխությունը սեփական աչքերով տեսնելու եւ վերապրելու հնարավորություն կունենամ: 

Չչարաշահելով ձեր համբերությունը՝ նշեմ, որ ձեռքս ընկածը մերձբալթյան երկրների մասին պատմող գրքույկ էր, որը հայրս էր բերել իր հերթական ճանապարհորդություններից վերադառնալիս: Ինձ՝ երեքամյա փոքրիկիս, անսահման հետաքրքիր էր, թե ինչու այդ գրքի էջերում քաղաքներն այդքան լուսավոր էին, շենքերն ու պարտեզները՝ այդքան գեղեցիկ, փողոցները՝ հետիոտնի թավ գծերով ու սալիկապատ մայթերով, իսկ մարդիկ՝ այդքան երջանիկ ու անհոգ…

Ծնողներս պատմում են, որ օրերով հարցուփորձ էի անում, թե երբ Հայաստանում փողոցները կլինեն հետիոտնի գծերով, երբ կկարողանամ գնալ ու տեսնել այն ամենը, ինչ կար այդ մոգական գրքում:

Եվ ահա… Հիմա է ժամանակը տեսնելու, զգալու եւ երջանկանալու այն ամենով, ինչ դարեր առաջ մարդիկ ստեղծել են գալիք սերունդների համար: 

Երբեւէ խորհե՞լ եք, թե ինչքան դյութական ու խորհրդավոր կլինի մայրամուտն ու արեւածագը դիմավորել բաց ծովում, գտնվել ահռելի չափերով նավում, որը, սակայն, հլու է վեհագույն ծովի ալիքներին, վերապրել անծայրածիր հեռվում ցամաք նշմարելու բերկրանքը… 

Սրանք լոկ պոետիկ տողեր չեն, այլ իրական ապրումներ, որոնք ունեցել եմ Գդինյա /Լեհաստան/ - Կարլսկրոնա /Շվեդիա/ նավարկության ընթացքում:

Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Սլովակիա, Հունգարիա, Ավստրիա, Շվեդիա, Նորվեգիա եւ իհարկե Լեհաստան… Անխոս, առաջիկայում սպասվում են նոր ուղեւորություններ, նոր հույզեր, բերկրանքով ու խանդավառությամբ լեցուն նոր օրեր, որոնք դրոշմվելու են հիշողության բազմաշերտ դարակներում՝ իբրեւ սպեղանի ծառայելով հավանական տխուր ու հոգսաշատ օրերի համար: 

Դե՛ ինչ, դե՞ռ կասկածում եք ԵԿԾ անել-չանելու առումով: