Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-06-2018
Հանդիպում Արա Հարությունյանի արվեստի հետ
Հունիսի 8-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կայացավ «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությանը:

Երեկոյի շրջանակում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը: Կազմակերպվել էր նաև «Քանդակագործ Արա Հարությունյան» փաստագրական ֆիլմի դիտում ու նրա գեղարվեստական ժառանգությանը նվիրված դասախոսություն, որը վարեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն, արվեստաբան Արմեն Եսայանցը:

«Մենք իրականացրել ենք ցուցադրությունը «Արա Հարությունյան» հիմնադրամի հետ: Սա Արա Հարությունյանի ստեղծագործությունների առաջին ցուցադրությունն է՝ անկախությունից հետո, այսինքն՝ վերջին շուրջ 30 տարվա շրջանակում նմանօրինակ մասշտաբային ցուցադրություն չի եղել, որը կներկայացներ նրա գեղարվեստական լեզվի բազմաշերտությունը: Մենք ուզում ենք ցուցադրել նաեւ նրա ստեղծագործությունների թաքնված, ոչ հայտնի կողմերը»,- նշեց Արմեն Եսայանցը:

Անդրադառնալով Արա Հարությունյանի ստեղծագործական առանձնահատկություններին՝ նա նշեց, որ Արա Հարությունյանը շատ էր կարեւորում արծիվը՝ որպես սիմվոլ. «Հնուց եկած գաղափարով էր առաջնորդվում, այսինքն՝ արծիվը որտեղ նստում է, այնտեղ պետք է շինարարություն լինի: Նա իր արծիվներին կոչում էր «Արծիվ շինարար»: Շատ էր կարեւորում  ճարտարապետական շինարարական գործոնը քանդակագործության մեջ»:

Նշենք, որ ցուցադրությունը բաց է մինչեւ հունիսի 10-ը: Մուտքն անվճար է:

Հ.Գ.: Արա Հարությունյանը (1928-1999) խորհրդային  ժամանակաշրջանի հայ մոնումենտալ քանդակագործ է: Նրա  գեղարվեստական ժառանգությունը բազմաշերտ է. մոնումենտալ եւ մոնումենտալ-դեկորատիվ ստեղծագործություններ,  դիմաքանդակներ, շիրմաքարեր, բազմաթիվ գծանկարներ եւ գրաֆիկական  աշխատանքներ: Արա Հարությունյանը նաեւ Երեւանի «Մայր Հայաստան» հուշահամալիրի  հեղինակն է:

Պատկերասրահ՝ «Արա Հարությունյան. Մոնումենտալ երեւակայում» ցուցադրությունը