Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-06-2018
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում շարունակվում են դասախոսություններն ու հանդիպումները
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում շարունակվում են կազմակերպվել դասախոսություններ ու հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի ներկայացուցիչների հետ:



Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին հունիսի 8-ին դասախոսություն վարեց Երեւանի պետական բժշկական համալսարանում: Բաց դասախոսությունը կրում էր «Նորարարությունն առողջապահության ոլորտում» խորագիրը: 



Լորդ Արա Դարզին ականավոր բրիտանահայ վիրաբույժ է, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ: Հազարավոր կյանքեր փրկած մեր հայրենակցին միջազգային ասպարեզում ճանաչում են որպես առողջապահական համակարգերում նորարարական բարեփոխումների ներդրման կողմնակից եւ ջատագով: Դարզիի դասախոսությանը ներկա էին ինչպես համալսարանի ուսանողները, այնպես էլ ոլորտով հետաքրքրված այլ հյուրեր:



ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դասախոսության մեկնարկին նշեց, որ առանձնահատուկ պատիվ է հյուրընկալել  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներին եւ հյուրերին: Նա շեշտեց, որ Դարզիի դասախոսությունը հնարավորություն կտա, որպեսզի մասնակիցները ծանոթանան առողջապահական ոլորտի այսօրվա մարտահրավերներին։ ԵՊԲՀ ռեկտորը միջոցառման ընթացքում Արա Դարզիին շնորհեց բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։



«Ինձ համար մեծ պատիվ է լինել Երեւանի պետական բժշկական համալսարանում»,-նշեց Արա Դարզին, եւ խոսելով Հայաստան ժամանելու իր առիթի՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին, նշեց, որ յուրաքանչյուր մարդ կարեւոր առաքելություն ունի իրականացնելու, ինչին հենց միտված է նախաձեռնության բուն իմաստը:



Մասնագիտական դասախոսությունը հայազգի բժիշկն սկսեց իր մասին պատմելով, հետո էլ անդրադարձավ իր ոլորտում առկա նորարարություններին: Բանախոսն առանձնակի խոսեց նաեւ իր հայկական արմատների մասին, ինչպես նաեւ պատասխանեց դասախոսության մասնակիցների հարցերին: 



«Ավրորա»-ի շրջանակում հունիսի 8-ին ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, «Ավրորայի» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Սամանթա Փաուերը եւ Enough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգաստը ելույթ ունեցան դժվարին հումանիտար հիմնախնդիրների վրա ազդեցություն գործելու ձեւերի վերաբերյալ։ «Փոխել, երբ փոփոխություն անելը բարդ է» խորագրով զեկույցն անցկացվեց Հայաստանի ամերիկյան համալսարանում։ 



Նշենք, որ «Ավրորա»-ի շրջանակում անցկացվող միջոցառումները կեզրափակվեն հունիսի 10-ին ՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմամբ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները եւ բոլոր հյուրերը կփառաբանեն մարդասիրությունը եւ «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրի անօրինակ խիզախությունն ու թողած ազդեցությունը։