Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի, շարքային զինծառայող
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-06-2018
Նախընտրած գիրքը՝ հաշված րոպեների ընթացքում
Գրքի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «MYbookstore crowdfunding for books» խումբը, որի նպատակն է դժվար հասանելի գրքերը մատչելի տարբերակով հասցնել ընթերցողին:

Ընթերցանության խթանմանը միտված խումբը նախաձեռնել է «MYbookstore»-ի թիմը, որն արդեն չորս ամիս է, ինչ ընթերցասեր հասարակությանը ցանկացած գիրք կես գնով ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում. գրքի արժեքի 10%-ը վճարում է խմբի հիմնադիրը, իսկ մնացած 40%-ը հավաքվում է խմբի անդամների օժանդակությամբ: Խմբի նախաձեռնողներն ասում են, որ օրեցօր ծավալները համեմատաբար աճում են: Սա պայմանավորված է նախ տարածման հետ, որովհետեւ սկզբում այն գործել է շատ ավելի նեղ շրջանակի համար, ինչից հետո յուրաքանչյուր մասնակից մինչ օրս շարունակում  է տասնյակ ընկերների հրավիրել խումբ: 

Խմբի նախաձեռնող Լեւոն Ստեփանյանն ասում է, որ շուրջ 3500 անդամ ունեցող «MYbookstore crowdfunding for books» խումբը, նախորդ ամսվա համեմատ, այս ամիս հայտերի քանակի լուրջ աճ է արձանագրել. «Հայտերը երբեմն ավեի շատ են լինում, բայց միջինում օրական երեք գրքի հայտ է հաստատվում: Չեմ կարող չառանձնացնել վերջին դեպքը, երբ ուղիղ 24 ժամվա ընթացքում 5 գրքի հայտ հաստատեցինք: Հուրախություն բոլորիս՝ այս ընթացքում բոլոր հայտագրված գրքերը դրական արձագանք են ստացել»: 

Խմբի համակարգող Հասմիկ Ավագյանն անկեղծանում է՝ սրանք իրականում գուցե անհավանական թվացող արդյունքներ են, բայց փաստ է, որ բոլորիս աչքի առաջ կյանքի է կոչվել մի ծրագիր, որտեղ հավաքված է գրքասեր հասարակություն, եւ որ նրանցից յուրաքանչյուրը մյուսին մեծագույն սիրով է աջակցում. «Ու սա ինձ հնարավորություն է տալիս համարձակորեն բարձրաձայնել, որ այսօր երիտասարդությունը կրկին կարդում է»:

Հետաքրքրական է, որ խմբում գեղարվեստական գրականությունը համեմատաբար գերիշխում է մնացածի նկատմամբ: Հայտագրված գրքերի ցանկը գլխավորում է ֆրանսիացի ժամանակակից գրող Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթեւությունը» ֆանտաստիկ գիրքը, որին հաջորդում է թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրան Փամուկի «Կարմրահեր կինը» եւ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքերը: Այս գրքերն առանձնանում են իրենց բնույթով, բովանդակությամբ եւ առաջ քաշած խնդիրներով:

Հասմիկն ասում է նաեւ, որ ոչ միայն հայերեն, այլեւ ռուսերեն եւ անգլերեն գրքերի մեծ պահանջարկ կա. «Մեծ է նաեւ հետաքրքրությունը բիզնես, մարքեթինգային եւ շատ դեպքերում նաեւ մասնագիտական գրքերի նկատմամբ: Ուրախությամբ պետք է արձանագրեմ այն փաստը, որ օրեցօր ավելանում են նաեւ մեր գրքասեր զինվորների հայտերը: Ի դեպ, նշեմ, որ զինվորների համար գրքի գումարն ամբողջությամբ հավաքվում է խմբի ակտիվ օգտատերերի եւ խմբի նախաձեռնողների կողմից»:

Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի սերժանտական խորհրդի նախագահ, ավագ սերժանտ Մհեր Հովհաննիսյանը խմբի մասին տեղեկացել է զինակից ընկերոջից: Հայտագրել է Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» գիրքը, որի գնման համար անհրաժեշտ գումարը մի քանի րոպեների ընթացքում հավաքվել է. «Խումբն ուսումնասիրելուց հետո հպարտության զգացում ապրեցի, որ մեր օրերում կան մարդիկ, որոնք արժեւորում են գրքի կարեւորությունը եւ օտար մարդկանց օգնում ձեռք բերելու իրենց նախընտրած գիրքը: Առավել ոգեւորիչ էր այն հանգամանքը, որ զինծառայողների համար գործում են հատուկ պայմաններ: Նշեմ, որ թե՛ զորամասում, թե՛ առավել եւս մարտական հերթապահության կրման ընթացքում զինծառայողները մեծ ոգեւորությամբ կարդում են հատկապես արտասահմանյան գրականության՝ վերջերս հրատարկված հայալեզու գրքերը»:

Խմբի նախաձեռնողները լիահույս են, որ «MYbookstore crowdfunding for books» խումբը լավագույնս կկատարի իր առջեւ դրված կարեւոր խնդիրը եւ ավելի շատ գրքասերների կհավաքի իր շուրջը: