Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-06-2018
Լեգենդար ամերիկացի դիրիժոր Նեեմե Յարվին ու էստոնական նվագախումբը՝ Երեւանում
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանն ազդարարվեց գեղեցիկ համերգով:
Հունիսի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցավ «Գրեմմի» մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը` լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվիի ղեկավարությամբ: Նվագախումբը ներկայացրեց Արամ Խաչատրյանի, Արթուր Լեմբայի, Էդուարդ Տուբինի ստեղծագործություններից: 

Ի դեպ, համերգից առաջ ելույթով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ով ընդգծեց, որ հայ եւ էստոնացի ժողովուրդների կապերը սկիզբ են առել դեռեւս վաղուց եւ այդ կապերը  հիմնված են փոխադարձ համակրանքի վրա: Նա նաեւ հատուկ շեշտեց, որ 2018 թ. երկու երկրները նշում են անկախության 100-ամյակը: Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի՝ Հայաստան կատարած իրադարձային այցը եւ համերգը նվիրված էին Էստոնիայի եւ Հայաստանի Առաջին Հանրապետությունների 100-ամյա հոբելյաններին: Համերգի սկզբում հնչած երկու երկրների օրհներգերն այդ փաստի ինքնատիպ դրսեւորումներն էին:

92 տարվա պատմություն ունեցող էստոնական նվագախումբը շրջագայել է գրեթե բոլոր աշխարհամասերում, աշխատել դարի ականավոր դիրիժորների եւ մենակատարների հետ, թողարկել նշանակալից ձայներիզներ` համագործակցելով ամենահայտնի ընկերությունների հետ: Նվագախմբի «տունը» Տալլինի «Էստոնիա» համերգասրահն է: Խմբի նվագացանկն ընդգրկում է բարոկո եւ դասական երաժշտությունից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորներ: 

«Փառատոնը բացում է մեր ժամանակների հրաշալի երաժիշտներից մեկը` Նեեմե Յարվին: Աշխարհում գրեթե չկա մի հզոր նվագախումբ, որը նա ղեկավարած չլինի: Յարվին եւ նրա դիրիժոր որդիները մեծագույն նվեր են աշխարհի երաժշտարվեստում»,- համերգին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում ասաց փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը: 

Նեեմե Յարվին դիրիժորական դինաստիայի նախահայր է, 2010 թ.-ից Էստոնիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է եւ գլխավոր դիրիժորը, իսկ 2017-ին արժանացել է «Պատվավոր գեղարվեստական ղեկավար» կոչմանը։ Մաեստրո Յարվին ղեկավարել է Էստոնիայի ազգային օպերան, Գոթենբուրգի սիմֆոնիկ նվագախումբը, Թագավորական շոտլանդական ազգային նվագախումբը, Դեթրոյթի սիմֆոնիկ նվագախումբը, Նյու Ջերսիի սիմֆոնիկը, Ռոմանական Շվեյցարիայի նվագախումբը եւ այլ հեղինակավոր նվագախմբեր: Նեեմե Յարվին թողարկել է դասական երաժշտության համաշխարհային գանձարանը համալրած 600 ձայնագրություն: 

Ի դեպ, Նեեմե Յարվին խոստովանեց, որ սիրով է եկել Հայաստան, անդրադարձավ նաեւ Արամ Խաչատրյանին՝ հավելելով, որ մեծանուն հայ կոմպոզիտորն իր ընտանիքի բարեկամն է եղել: 

Պատկերասրահ՝ Նեեմե Յարվին ու էստոնական նվագախումբը Երեւանում