Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-06-2018
«Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները
Նկարչության, ասմունքի եւ թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կազմակերպվել է մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը։ Նշենք, որ իրադարձությունը կազմակերպել ու իրականացրել էր «Մինորա» մշակութային կենտրոնը:
«Մրցույթ-փառատոնի նպատակը մեկն է՝ հայտնաբերել եւ հարթակ տրամադրել նկարչության, ասմունքի եւ թատերարվեստի ոլորտում նոր քայլեր կատարող երեխաներին: Տարեցտարի, մրցույթի ընթացքին հետեւելով, մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք այն փաստը, որ տաղանդավոր սերունդ ունենք»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան): 

Նշենք, որ փառատոնը ներգրավելով արվեստի գրեթե բոլոր դպրոցները` ինչպես մարզերից, այնպես էլ մայրաքաղաքից, շնորհալի երեխաների համար տարբեր ոլորտներում իրենց կարողությունները ներկայացնելու հիանալի հնարավորություն է ընձեռում: Փառատոնին աչքի ընկած եւ տաղանդավոր մասնակիցներն իրենց ուժերը փորձում են նաեւ միջազգային հարթակներում:

Այս տարի նկարչության, ասմունքի եւ թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ունեցել է ավելի քան 450 մասնակից Երեւանից եւ հանրապետության տարբեր մարզերից: Նկարչության մրցույթն անցկացվել է երկու, ասմունքի եւ թատերարվեստի մրցույթները՝ մեկ փուլով՝ տարբեր տարիքային խմբերում:

Մրցանակաբաշխության արարողությանը յուրաքանչյուր անվանակարգում հանձնվել են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի եւ Գրան պրի մրցանակներ, ինչպես նաեւ խրախուսական պատվոգրեր: Որոշ խմբեր ստացել են արտերկրում փառատոների մասնակցության հրավեր: Մրցանակաբաշխության արարողությունն ուղեկցվել է մշակութային տարբեր համարներով: 

Տեղեկացնենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնի կազմակերպիչ  «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի եւ երաժշտական դպրոցների, երգի եւ պարային համույթների, ինչպես նաեւ մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի եւ անհատների հետ: Կազմակերպում եւ իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ եւ եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով եւ փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու եւ շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով: