Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-06-2018
Լիլիթ Մռավյանի «Օրագիր»-ը
Երգի պետական թատրոնում հունիսի 12-ին անցկացվեցին պատանի երգիչ Լիլիթ Մռավյանի անդրանիկ՝ «Օրագիր» խորագրով ձայնասկավառակի շնորհանդեսը, ինչպես նաեւ համերգային երեկոն:
 Ռուսաստանաբնակ երգչուհու ձայնասկավառակում ներառված են 7 երգեր, որոնք ամփոփում են նրա երաժշտական գործունեության առաջին փուլը։ Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին ձայնասկավառակում ներառված երգերը: 

Լիլիթը երգել սկսել է 7 տարեկանից եւ մեծ բեմում առաջին քայլը կատարել է 2014 թ.-ին՝ Մոսկվայում՝ Կրեմլի մեծ համերգասրահում կայացած «Armenian Music Awards» ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ՝ կատարելով ֆրանսահայ մեծանուն երգչուհի Ռոզի Արմենի «Հինգալա» երգը: 

Լիլիթ Մռավյանի ստեղծագործական ակտիվ գործունեության մեկնարկը տրվել է 2014 թ.-ին: Այդ թ.-ին նա մասնակցել է «Окно в Европу» (ք. Մոսկվա), «Звездопад талантов», «Золотая нота», «Салют талантов», 2015 թ.-ին՝ «Отрытая Европа», «Салют талантов», «Антураж», 2016 թ.-ին՝ «Звездопад талантов», «Ярославская мозаика», 2017 թ.-ին` «Берега надежды», 2018 թ.-ին՝ «Шоумир», «Золотая нота», «Международная олимпиада искусств» եւ այլ միջազգային մրցույթների: Զբաղեցրել է ինչպես առաջին հորիզոնականը, այնպես էլ արժանացել է Գրան պրիի: 

Լիլիթը նկարահանվել է ռեժիսոր Գրիգ Վահրամյանի «Ապրել խաղաղ» երգի տեսահոլովակում (խոսքերի եւ երաժշտության հեղինակ՝ Լիլի Գրիգորյան), նաեւ շոուբիզնեսյան հայ աստղերի հետ՝ Կարեն Մարգարյանի «Հազար գույներ» տեսահոլովակում: 

Լիլիթ Մռավյանի առաջին՝ «Լիլի» տեսահոլովակը (ռեժիսոր՝ Օլեգ Տարովկով, խոսք եւ երաժշտություն՝ Արտեմ Վալտեր) նկարահանվել է 2015 թ. Մոսկվայում, 2016 թ.-ին՝ «Տիեզերական արագություններ» տեսահոլովակը (ռեժիսոր՝ Օլեգ Տարովկով, խոսք եւ երաժշտություն՝ Արտեմ Վալտեր): Նույն թվականին արդեն Հայաստանում նկարահանվել է «Բարի լույս» (ռեժիսոր՝ Հրաչյա Մեսրոպյան, խոսքերի եւ երաժշտության հեղինակ՝ Արտեմ Վալտեր) տեսահոլովակը: 

«Ես երգում եմ հայկական երգեր, շատ եմ սիրում իմ հայրենիքը: Ահա թե ինչու «Բարի լույս»-ը որոշեցի նկարահանել հենց Հայաստանում»,- ասաց պատանի արտիստը՝ հավելելով, որ երգել շատ է սիրում: 

Նա նշեց, որ այս պահին ակտիվ գործունեություն է ծավալում, շուտով տեսահոլովակ է ներկայացնելու:

2017 թվականից Լիլիթ Մռավյանը ATV եւ ARMENIA EUROP հեռուստաընկերություններով յուրաքանչյուր կիրակի եթեր հեռարձակվող «ՀԱՅԵԼՈՒԿ» ճանաչողական-ժամանցային հեռուստանախագծի հաղորդավարուհին է: Նախագծի մասնակիցներն են հայկական արմատներ ունեցող տաղանդաշատ երեխաներ եւ պատանիներ, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ մեծ ձեռքբերումներ ունեն արտերկրում, որոնց մասին հայրենիքում գրեթե տեղյակ չեն:

Պատկերասրահ՝ Լիլիթ Մռավյանի «Օրագիր» խորագրով ձայնասկավառակի շնորհանդեսը