Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթեւոսյանի
Տեղադրվել է 17-06-2018
Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթը՝ Պետական կամերային երաժշտական թատրոնում
Լինում են, չեն լինում, երկու աղքատ եղբայր են լինում. Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթի բովանդակությունը հայտնի է բոլորին: Այն մեկն է թումանյանական սիրված գործերից:


Հունիսի 16-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում տեղի ունեցավ հեքիաթի հիման վրա բեմադրված «Տերն ու ծառան» նոր ներկայացման պրեմիերան, որը բեմադրվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հ. Թումանյանի 150-ամյակին ընդառաջ: 



Ներկայացման բեմադրող ռեժիսորը եւ նկարիչը Վիգեն Ստեփանյանն է, երաժշտությունը՝ Վահե Հայրապետյանի եւ Վիգեն Ստեփանյանի, պարերը՝ Նարինե Միրզոյանի, զգեստները՝ Մերի Արեյանի: 



«Ինչքան կարողացանք, վերցրինք Հովհաննես Թումանյանից, ստեղծեցինք մեր տարբերակը: Հիմնական դերակատարները տերն ու տիկինը, ինչպես նաեւ երկու եղբայրներն են: Մնացած հերոսներին ինքս եմ հնարել»,- լրագրողների հետ զրույցում նշեց դերասան, ՀՀ վաստակավոր գործիչ, ներկայացման բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը:



Նրա խոսքով՝ Թումանյանի մոտիվներին ինքը հավատարիմ է մնացել: «Գաղափարը, որ փոս փորողն ինքն է ընկնում փոսի մեջ, առիթ տվեց ներկայացումը ստեղծելու: Այլ բան է, որ երաժշտությունն է ժամանակակից ռիթմերով: Ցանկացած տարիքային խմբի կհետաքրքրի»,- հավելեց ներկայացման բեմադրիչը: