Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 20-06-2018
Դրամաշնորհային մրցույթ ՀԿ-ների համար
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2018 թվականի երրորդ եռամսյակի դրամաշնորհային ծրագերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2018 թվականի երրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթ: 2018 թվականի երրորդ եռամսյակի ծրագրերի առցանց հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 20-ը ներառյալ: 2018 թվականի երրորդ եռամսյակի ծրագրերի մեկնարկը պետք է նախատեսել սեպտեմբերի 10-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ իսկ ավարտը՝ ոչ ուշ, քան 2018 թվականի դեկտեմբերի 10-ը:

Մրցույթի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ օգտագործելով «Հանդիպում», «Հանդիպումից զատ» և «Համաֆինանսավորում» տեսակի ծրագրային ձևերից մեկը՝ ձեր ծրագրի բնույթին համապատասխան:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
Մրցույթի մասնակցության հայտերը պետք է ներկայացնել նաև թղթային տարբերակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ աշխատակցին), մինչև 2018 թվականի հուլիսի 23-ը, ժամը 18.00) տպագրված տարբերակով, որը պետք է ամբողջությամբ համապատասխանի առցանց ներկայացված տարբերակին՝ փակ ծրարում (ներառյալ հայտի 1-4 Մասերի ինֆորմացիան, Մաս 5-ում կցված բոլոր բնօրինակ փաստաթղթերը, կանոնադրության պատճենը): Միայն էլեկտրոնային՝ առանց տպագրված տարբերակի, ներկայացված ծրագրերը համարվելու են ֆորմալ պահանջներին չբարարարող և չեն ուղարկվելու փորձագիտական գնահատման:
 
2018 թ. երրորդ եռամսյակի դրամաշնորհների համար հատկացվող ընդհանուր ֆոնդը կազմում է 14,506.51 հազ. դրամ: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից բխող ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական ոլորտների հրատապ և առաջնահերթ միջոցառումների ցանկը (Մարզային (համայնքային և գյուղական) երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական հասարակական կազմակերպություններին տրվող երրորդ եռամսյակի գումարից 12,065.1 հազ. դրամ գումար կհատկացվի ՀՀ մարզերում մեկնարկային և հիմնական ծրագրեր իրականացնելուն: Նախատեսվող ծրագրերում մարզային երիտասարդության ներգրավումը պարտադիր է: Մնացած 2,500.0 հազ. ՀՀ դրամը կուղղվի Երևանում Երևանի երիտասարդների համար իրականացվող մեկնարկային ծրագրերին:
 
Կֆինանսավորվեն այն ծրագրերը, որոնք համապատասխանում են հետևյալ առաջնահերթություններին.
1. Երիտասարդների շրջանում ակտիվ քաղաքացիության խթանում,
2. Երիտասարդության զբաղվածության անհրաժեշտ մեխանիզմների մշակում, ինչպես նաև մասնագիտական կրթության և ձեռներեցության խրախուսում,
3. Երիտասարդական աշխատանքի կայացում և երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացում,
4. Երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում, քաղաքացիական պաշտպանություն (արտակարգ իրավիճակներ, ռազմական պատրաստվածություն) և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունների խթանում
5. Տեղական, ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդական համագործակցության, միջմշակութային երկխոսության և երիտասարդների շարժունության խրախուսում
6. Ներառականության խրախուսում՝ մարդու իրավունքների և հավասար հնարավորությունների տարածման միջոցով
 
Համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի №441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել: Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի հետ միաժամանակ պետք է կցի`

1. Ծրագրերի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկած գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) և ստորագրված պաշտոնական գնային առաջարկները, կամ գնացուցակ (price list առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում է հղման տեսքով (link): Գնային հարցումը պետք է նույնությամբ համապատասխանի նախահաշվում նշված ապրանքին կամ ծառայությանը: Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված և անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ միասին:
2. Ծրագրի նախահաշվի xls ֆայլը (կցվում է):
3. Ծրագրի իրականացման ժամանակացույցը (Գանտի աղյուսակի տեսքով, ձևաչափը կցվում է): Կազմակերպության կանոնադրությունը:
Խնդրում ենք ծրագրային հայտի նախահաշիվը և ժամանակացույցը լրացնել հայրատարության հետ կցված ձևաչափում: Ձեր կողմից խմբագրված, ձևափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձևաչափերը համարվելու են ֆորմալ պահանջների խախտումներ:
4. Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը հետ կվերադարձվեն հայտատուներին:

Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ. 011 54-69-31:

Ծրագրերի իրականացման ժամանակ հասարակական կազմակերպությունները պարտավոր են համաձայն 2016թ.-ի դեկտեմբերի 16-ի «Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի Զ կետի՝ ծրագրի ծախսերն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրականացվելիք գնումների վերաբերյալ պայմանագրերի կնքումց 7 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակման համար ներկայացնել հաշվետվություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:
Ծրագրի Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշխատակազմի և փորձագետների CV-ները պետք է ներկայացվեն հայերենով, այլապես դրանք հաշվի չեն առնվի: Կից պետք է երկայացնել նաև ծրագրին մասնակցության համաձայագրեր:
*2018 թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջևանում անցկացվող ծրագրերի փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից:
* Երիտասարդական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման կարգին կարող եք ծանոթանալ Երիտասարդ պորտալի գրադարանում:
 
ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են ընթացիկ դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները.
1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 500.000 դրամ: Այս տիպի ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից.
2. Հիմնական ծրագրեր. նախկինում պետական բյուջեից ծրագրեր ստանալու և արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ: «Համաֆինանսավորում» տիպի ծրագրերի համար սույն կետում նշված նվազագույն գումարի շեմը կարող է չգործել:
3. Նպատակային ծրագեր. Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա Նախարարության երիտասարդական պետական քաղաքականության գերակա խնդրից բխող ծրագրեր, որոնց համար կարող են լրացուցիչ հայտարարվել նպատակային մրցույթներ, ֆինանսավորման չափը` մինչև 3,5 մլն. դրամ: