Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 20-06-2018
Աշխարհի առաջնության 6-րդ օրը. Ռուսաստանը «ճզմում է» Եգիպտոսին
Առաջին անգամ հետխորհրդային տարածաշրջանի ներկայացուցիչը՝ ի դեմս Ռուսաստանի կխաղա ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլում։

Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին խաղեր կայացան վերջին՝ «H» խմբում։ Մինչեւ Կոլումբիա-Ճապոնիա հանդիպումը նախորդած խաղերում ոչ մի անգամ մրցավարները խաղադաշտից ֆուտբոլիստ չէին հեռացրել։ Իրադրությունը փոխվեց արդեն 3-րդ րոպեին։ Կառլոս Սանչեսը հեռացվեց խաղադաշտից՝ 10 հոգով թողնելով Կոլումբիայի հավաքականին։

Կոլումբիացիների դարպասին նշանակված 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Շինջի Կագավան՝ առաջ մղելով «սամուրայներին»։ Առաջին խաղակեսի վերջում Կոլումբիայի հավաքականը շատ նպաստավոր դիրքում տուգանային հարված իրացնելու իրավունք ստացավ։ Կոլումբիացիների առաջատար Խամես Ռոդրիգեսի՝ պահեստայինների նստարանին գտնվելու պատճառով գնդակին մոտեցավ Խուան Կինտերոն։ Եվրոպական ֆուտբոլին չհարմարված կոլումբիացու հարվածը շատ անսպասելի էր, ինչի արդյունքում ճապոնացիների դարպասապահը սխալ թույլ տվեց, եւ գնդակը հատեց դարպասային գիծը՝ 1-1:



Երկրորդ խաղակեսում «սամուրայներին» հաջողվեց այս խաղում երկրորդ անգամ հաշվի մեջ առաջ անցնել։ Կեյսուկե Հոնդայի փոխանցումից հետո աչքի ընկավ Յույա Օսակոն։ Ճապոնացին մրցակցի դարպասը գրավեց երկրորդ խաղակեսի վերջին րոպեներին եւ 10 հոգով մնացած կոլումբիացիները չկարողացան այլեւս ոչինչ անել՝ համակերպվելով պարտության հետ։ Դիմակայության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց հաղթական գոլի հեղինակ դարձած Յույա Օսակոն։

Խմբի մյուս խաղով եզրափակվեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի առաջին շրջանը։ Հանդիպել էին Լեհաստանի եւ Սենեգալի հավաքականները։ Առաջին խաղակեսի վերջում՝ 37-րդ րոպեին աֆրիկացիները բացեին հանդիպման հաշիվը։ Ինքնագոլ գրանցվեց Տիագու Չոնեկի հաշվին։ 



Երկրորդ խաղակեսում Սենեգալին հաջողվեց մրցակցի սխալից լավագույնս օգտվել։ Բոլորից արագ կողմնորոշված Մբայե Նյանգը երկրորդ գնդակն ուղարկեց լեհերի դարպասը՝ գրեթե անհուսալի վիճակում թողնելով Ռոբերտ Լեւանդովսկիի առաջնորդությամբ հանդես եկող Լեհաստանին։ Միայն խաղի վերջում լեհերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ Աչքի ընկավ Գրեգորժ Կրիխովյակը։ Ավելին անելու համար լեհերի համար ուղղակի ժամանակ չէր մնացել։ Մրցավեճում լավագույն խաղացող ճանաչվեց Մբայե Նյանգը։

Խաղային օրվա գլխավոր խաղում, որը կայացավ Սանկտ Պետերբուրգում, մրցեցին մրցաշարը հյուրընկալած Ռուսաստանը եւ Մոհամեդ Սալահի վերադարձը խաղադաշտ նշող Եգիպտոսը։ Տրիբունաները լեփ-լեցուն էին Ռուսաստանի հավաքականի հազարավոր երկրպագուներով, որոնք եկել էին աջակցելու առաջին խաղում փոքրիկ «հրաշք» գործած ռուս ֆուտբոլիսներին։ Քիչ չէին նաեւ Մո Սալահի երկրպագուները։ 

Չնայած առաջին խաղակեսում բավականին պրագմատիկ ֆուտբոլ էր՝ ուղղված առավելապես պաշտպանական գործողությունների անթերի կատարմանը, սակայն երկրորդ խաղակեսում ընդամենը 15 րոպեների ընթացքում Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած հավաքականը ոչ միայն բացեց հանդիպման հաշիվը, այլ ուղղակի ոչնչացրեց մրցակցին։ Այսպիսի արդյունքի անգամ ամենից նվիրյալ երկրպագուները չէին սպասում։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում ռուս ֆուտբոլիստները ստիպեցին եգիպտացիներին սխալ թույլ տալ, ինչի արդյունքում սեփական դարպասը գրավեց Ահմեդ Ֆաթհին։ Հանդիպման 59-րդ եւ 62-րդ րոպեներին էլ աչքի ընկան Դենիս Չերիշեւը եւ Արտեմ Ձյուբան՝ ձեւակերպելով չափազանց անսպասելի արդյունք։ Եգիպտոսին հաջողվեց միայն տեսակրկնության շնորհիվ 11-մետրանոց հարված իրացնելու հնարավորություն ստանալ։ Նշակետին մոտեցած Մո Սալահը չվրիպեց, սակայն Եգիպտոսը հետագա փուլ դուրս գալու համար այլեւս որեւէ հնարավորություն չունի։



Ռուսաստանի հավաքականը հաղթեց նաեւ երկրորդ խաղում եւ թերեւս լավագույն արդյունքն ունի խփած գնդակների առումով։ Դենիս Չերիշեւը՝ թիմի լավագույն ռմբարկուն, ում հաշվին արդեն իսկ 3 գնդակ կա այս մրցաշարում, լավագույնը ճանաչվեց։

Հ.Գ.։ Ուրուգվայ – Սաուդյան Արաբիա խաղը կարող է վճռորոշ չլինել, թե որ ընտրանին է հաղթելու «А» խմբում, եթե, իհարկե, սաուդցիներին չհաջողվի հաղթանակի հասնել ուրուգվայցիների հետ խաղում։