Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Մոսկվա, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 21-06-2018
Աշխարհի առաջնության 7-րդ օրը. արդեն անցյալում է 20 հանդիպում
Պորտուգալիայի հավաքականում շարունակում է խելահեղ արդյունավետություն ցույց տալ ավագ Քրիշտիանու Ռոնալդուն, իսկ Իսպանիայի ընտրանու համար բարդ էր իրանցիների հետ խաղը։

Ռուսաստանում ֆուտբոլային տոնը շարունակվում է։ Հատկապես այդ երկրի հավաքականի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու հանգամանքը մեծ ուրախություն է պատճառել ռուս երկրպագուներին։ Եթե Ռուսաստանի հավաքականը շարունակի լավ ֆուտբոլ ցուցադրել, ապա մրցաշարն առավել մեծ ուշադրության կարժանանա բուն երկրի քաղաքացիների շրջանում, ինչը միմիայն դրականորեն կազդի մրցաշարի կազմակերպչական գործընթացի վրա։

«A» խմբի երկրորդ շրջանի Ուրուգվայ-Սաուդյան Արաբիա խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում։ Ռուսաստանի՝ սաուդների թիմի դարպասն ուղարկած 5 անպատասխան գնդակները հուշում էին, որ Ուրուգվային բաժին է հասել ոչ ամենեւին ուժեղ հավաքական, սակայն Լուիս Սուարեսը եւ Էդինսոն Կավանին կարողացան օգտագործել իրենց ընձեռված պահերից մեկը։

Հանդիպման առաջին կեսում հաղթական գնդակը խփեց Լուիս Սուարեսը։ Կատալոնական «Բարսելոնայում» հանդես եկող ուրուգվայցի հարձակվողը թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսում կարող էր կրկնապատկել հանդիպման հաշիվը, սակայն ոչ մի կերպ չէր ստացվում երկրորդ գնդակն ուղարկել Սաուդյան Արաբիայի դարպասը։ Արդյունքում արձանագրվեց նվազագույն հաշվով հաղթանակ, որն Ուրուգվային թույլ տվեց ապահովել իր տեղը Մունդիալի փլեյ-օֆֆ փուլում։ Ի դեպ, հաղթական գոլի հեղինակ Լուիս Սուարեսը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Երկրորդ խաղում անընդմեջ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականի գլխավոր աստղը՝ Քրիշտիանու Ռոնալդուն։ Մոսկվայում կայացած Պորտուգալիա – Մարոկկո խաղը շարժել էր շատերի հետաքրքրությունը. տրիբունաները գրեթե լեփ-լեցուն էին, ինչը թույլ էր տալիս ակնկալել երկրպագուների անսահման աջակցություն երկու թիմերին։

Արդեն առաջին խաղակեսում Պորտուգալիայի հավաքականը կարողացավ շատ արագ առաջ անցնել հաշվի մեջ։ Անկյունային հարվածի խաղարկումից հետո Քրիշտիանու Ռոնալդուն խփեց իր 4-րդ գնդակն այս մրցաշարում։ Հետագայում պորտուգալացիներն ապավինեցին պաշտպանության ամրությանը, իսկ մարոկկացիները չնայած պայքարեցին, սակայն այդպես էլ չկարողացան կոտրել եվրոպացիների դիմադրությունը՝ պարտվելով նվազագույն հաշվով ու զրկվելով փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

Իրան – Իսպանիա խաղում եւս մեկ գնդակ խփվեց։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Դիեգո Կոստային հաջողվեց 54-րդ րոպեին բացել խաղի հաշիվը։ Իհարկե, իրանցիները չընկճվեցին եւ պայքարեցին մինչեւ վերջ։ Անգամ տուգանային հարվածի խաղարկումից հետո հաջողվեց գրավել Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը, սակայն խաղը սպասարկող գլխավոր մրցավարը չեղարկեց խփված գոլը՝ խաղից դուրս վիճակ գրանցելով։

Դիեգո Կոստան դարձավ երրորդ ֆուտբոլիստը, որն այս մրցաշարում երկու անընդմեջ խաղում աչքի է ընկնում։ Հարձակվողի հաշվին այժմ կա երեք գոլ։ Նա նաեւ ստացավ Իրան-Իսպանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված պարգեւը։

Հ.Գ.։ Չնայած Մունդիալի ժամանակ խփված գոլերի հեղեղ տեղի չի ունենում, սակայն սա առաջին դեպքն է, երբ 20 անընդմեջ խաղ թիմերին հաջողվում է խաղադաշտից հեռանալ անպայման դարպասի գրավմամբ։ Մինչեւ այսօր գոլազուրկ ոչ-ոքի չի գրանցվել։