Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-06-2018
«Անմատչելիության թանգարան»` «Մոսկվա» կինոթատրոնում
Ճանապարհային նշաններ, լվացարան, սննդի սեղան եւ այլ իրեր ու պարագաներ…



Հունիսի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց «Անմատչելիության թանգարան» խորագրով աննախադեպ ցուցադրությունը: Թանգարանում ներկայացված նմուշները նորովի էին արծարծում հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի անմատչելիության խնդիրը։ 



Իր տեսակի մեջ եզակի այդ թանգարանում ներկայացված են յուրաքանչյուր մարդու կյանքի համար անհրաժեշտ իրերը, որոնք որոշակի պայմաններում կիրառելի չեն ոչ մեկի համար։ Թանգարանի նմուշների օգնությամբ ավելի ակնառու են դառնում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առօրյայում հանդիպող ֆիզիկական, տեղեկատվական եւ այլ բնույթի խոչընդոտները:



«Անմատչելիության մասին շատ է խոսվում եւ արդեն երկար տարիներ: Որոշ չափով որոշ լուծումներ են տրվել, մենք բավականին առաջընթաց ունենք, բայց այդ առաջընթացն այնքան չի հասել, որ կոնկրետ մարդկանց կյանքում ինչ-որ բան փոխի: Տեսնում ենք, որ կան թեքահարթակներ, որոշ շենքեր հարմարեցվում են, բայց ծավալը շատ հեռու է բավարար լինելուց»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը: 



Նրա խոսքով՝ գաղափարը ոչ ստանդարտ ձեւով առկա խնդիրները ներկայացնելն է: Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիսի 29-ը: