Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-06-2018
«MamaBalikRun-2018». երբ վազում են մայրիկներն ու բալիկները
Հունիսի 23-ին կայացավ մայրերի եւ փոքրիկ երեխաների մասնակցությամբ անցկացվող վազքային բարեգործական «MamaBalikRun-2018» միջոցառումը:
Միջոցառման կազմակերպիչներն էին «Մամաֆորում» հարթակը եւ Բարեգործ վազորդների հայկական թիմը՝ «Awesome Foundation Yerevan»-ի աջակցությամբ: 

«MamaBalikRun-2018»-ի հիմքում ընկած է նաեւ բարեգործական գաղափարը: Հավաքված ամբողջ գումարն ուղղվելու է «Նիմբա» սոցիալական ձեռնարկությանը, որը տնային տեքստիլի նոր հայկական ապրանքանիշ է: Արտադրում են հաշմանդամություն ունեցող եւ կարիքավոր ընտանիքների երեխաների ծնողները, հիմնականում՝ միայնակ մայրեր: 

«Մամաֆորում» հարթակի հիմնադիր Մարիամ Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ փաստեց, որ նմանօրինակ միջոցառումները միայն ու միայն դրական ազդեցություն են ունենում մայրիկների եւ երեխաների վրա: Նրա խոսքով՝ մասնակցելով մարաթոնին՝ կարելի է ապացուցել, որ երեխաների հետ էլ կարելի է ու պետք է մնալ ակտիվ եւ կենսուրախ: 

«Նախաձեռնության առաքելություններից է առողջ ապրելակերպի եւ մարդասիրության տարածումը: Շատերը երեխա ունենալուց հետո երկրորդ պլան են մղում հանրային կյանքը, սակայն հենց այդ շրջանում է պետք լինել ակտիվ, շարժուն եւ վարել առողջ ապրելակերպ: Շատ մայրիկներ մեր ակցիային մասնակցում են երկրորդ անգամ՝ առավել դրական եւ ոգեւորված»,- նշեց Մարիամ Մովսիսյանը:

Հաղորդավարուհի, մայրիկ Մերի Ներսիսյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այն, ինչ վերաբերում է  մայրիկներին ու երեխաներին, արդեն իսկ հետաքրքրում է, հատկապես երբ առկա է բարեգործության տարր: Հաղորդավարուհին ակցիային մասնակցում էր իր գործընկեր, հաղորդավար Մամիկոն Սիմոնյանի առաջարկով, ով, ի դեպ, միջոցառման հաղորդավարն էր: 

«Մեծ սիրով որոշեցի մասնակցել: Մասնակցելով այս միջոցառմանը՝ մենք կարողանում ենք օգնել մի շարք փոքրիկների, ինչպես նաեւ իմ երեխաները եւս հիանալի ժամանակ են անցկացնում, շփվում իրենց հասակակիցների հետ»,- ասաց Մերի Ներսիսյանը: 

Նշենք, որ մասնակիցները եւ հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով ու պատվոգրերով: 

Պատկերասրահ՝ MamaBalikRun - 2018