Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-06-2018
Yerevan Young Minds. նոր գաղափարներով ստեղծարար երիտասարդներ
Awesome Foundation Yerevan-ը 1000 դոլար է տրամադրել Yerevan Young Minds երիտասարդական խմբին՝ յուրահատուկ նախաձեռնություն կյանքի կոչելու նպատակով:
Առաջիկայում ֆիզիկայի փորձերի համար նախատեսված 30 սարքավորումներ կպատրաստվեն ուսանողների կողմից եւ կտրամադրվեն դպրոցներին։

Yerevan Young Minds-ի նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը Eritasard.am-ի հետ զրույցում պատմել է սարքավորումների, համալսարան-դպրոց կամուրջի ստեղծման ու կազմակերպության մասին: 

«Awesome Foundation Yerevan-ից 1000 դոլար ենք ստացել, որը պետք է ծախսենք համալսարանի եւ դպրոցի միջեւ կամրջակ ստեղծելու համար: Սարքեր ենք պատրաստելու, որոնք պրակտիկ գիտելիք կտան ուսանողին եւ միաժամանակ աշակերտին իր դասագրքային դասը գործնականում հասկանալու հնարավորություն կտան»,- մեզ հետ զրույցում նշեց Հռիփսիմե Մկրտչյանը: 



Նրա խոսքով՝ դպրոցներում գիտական փորձերի համար նախատեսված սարքերը բացակայում են: Նման իրավիճակ է դիտարկվում հատկապես մարզերում: Քաղաքի դպրոցներում դեռ որոշ փորձարարական սարքեր կան: Հռիփսիմեի հավաստմամբ՝ աշակերտին սովորական դասը սարքավորման միջոցով բացատրելու հնարավորություն չկա: 

Yerevan Young Minds-ի նախագահը փաստում է՝ միայն դասը լսելը բավարար չէ. պետք է նաեւ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել: Եվ հենց այդպես ծնվեց Handmade Science-ի գաղափարը: 

«Yerevan Young Minds-ը Եվրոպական ֆիզիկայի ասոցիացիայի նախագծերից մեկն է, երիտասարդական համայնքներ է պատրաստում աշխարհի տարբեր երկրներում: Մենք տարեսկզբին ենք հիմնվել ու արդեն բավականին մեծ փորձ ունենք, կարողացել ենք այցելել Գյումրի, Ջերմուկ, միջոցառումներ ենք կազմակերպել, նպատակներ ունենք այլ գյուղեր գնալու, այնտեղ երեխաների հետ հանդիպելու, զրուցելու ավելի մեծ կարիք կա:  

Yerevan Young Minds-ի իմաստն այն է, որ մարդիկ կարողանան դիպչել գիտությանը: Այն հնարավորություն է ստեղծում հանրամատչելի բացատրելու գիտության դժվար թվացող բաները, որ մարդիկ կարողանան ավելի լավ հասկանալ ու մոտենալ գիտությանը: Շատերը խուսափում են գիտությունից, մտածում են՝ բարդ է, ու չեն դառնում գիտնական: Մեր նպատակը կարծրատիպեր կոտրելն է»,- հավելեց նա: