Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-06-2018
«Մեղրի համը» ներկայացումը` կրկին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում
Տեւական դադարից հետո Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում է Շեյլա Դիլենիի «Մեղրի համը» ներկայացումը:
Նոր շունչ ստացած ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ հունիսի 23-ին: Նշենք, որ ներկայացման բեմադրիչը Գոռ Մարգարյանն է: Դերերում հանդես են գալիս Եվա Զոհրաբյանը, Շուշան Ղազարյանը, Իշխան Ղարիբյանը, Սամվել Դանիելյանը, Սեյրան Մովսիսյանը:

Երիտասարդ կին, ով «անսպասելի» մայրացել է ու չի ցանկանում պատասխանատվություն կրել իր դստեր համար, եւ դուստր, ով «անսպասելի» ծնվել է, հոգատարության ու ջերմության կարիք ունի: Հոգատարության բացակայության եւ անտեսված լինելու արդյունքում սխալվելու հավանականությունը մի քանի անգամ ավելանում է: Ներկայացման գլխավոր հերոսուհին՝ տասնյոթամյա Ջոն, հասուն կյանք ստիպված է մուտք գործել մենակ՝ առանց մոր հոգեպես աջակցության… Մայրը ֆիզիկապես ներկա է նրա կյանքում, սակայն՝ այդքանը, եւ դա ավելի է ըմբոստացնում աղջնակին. նա այլեւս չի ցանկանում տեսնել մոր տղամարդկանց, տեղափոխվել մի «բնակարանից» մյուսը, ինչպես ինքն է ասում` «ապրել ճամպրուկների վրա»:
 
Արդյո՞ք կշարունակի Ջոն մոր ճակատագիրը, արդյո՞ք նրա մայրը` Էլենը, կհասկանա, որ աշխարհի մեծագույն հրաշքը մայրության բերկրանքն է… Այս եւ շատ այլ հարցադրումներ կտա բեմադրությունը, իսկ պատասխանները յուրաքանչյուրս մենք ենք տալիս` ըստ մեր աշխարհայացքի եւ կենսափորձի:

Նշենք, որ «Մեղրի համը» առաջին ներկայացումը կայացել է 2013 թ. մարտի 20-ին: Գոռ Մարգարյանը փաստում է՝ բովանդակային առումով այս անգամ ներկայացումը փոփոխության չի ենթարկվել: Սակայն դերասանական կազմում կա փոփոխություն. երկու նոր դերասան՝ Եվա Զոհրաբյանը եւ Սեյրան Մովսիսյանը: 

Մարգարյանն ընդգծեց, որ պիեսին անդրադառնում է արդեն երկրորդ անգամ: Նա փաստում է՝ այդ ստեղծագործությունն իրեն շատ է դուր գալիս, եւ այդտեղ կան սիրո յուրատեսակ ներկայություն ու բացակայություն: 

Նշենք, որ «Մեղրի համը» ներկայացումը ցուցադրվել է նաեւ Մոսկվայում (Պ. Ֆոմենկոյի արվեստանոցում), Մինսկում (ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի Երիտասարդական թատերական II ֆորումին, որտեղ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն կին դերակատար» անվանակարգում: 
 
2014 թ.-ին ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ «Մեղրի համը» հաղթող է ճանաչվել վեց անվանակարգերում:

Պատկերասրահ՝ «Մեղրի համը» ներկայացումը