Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Մոսկվա, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 24-06-2018
Աշխարհի առաջնության 10-րդ օրը. ամենադրամատիկ եւ գոլառատ խաղերի մասին
Եթե բելգիացիներին հաջողվեց առաջ խոչընդոտների գոլային հրավառություն կազմակերպել Թունիսի ընտրանու դեմ խաղում, ապա գերմանացիների համար շվեդներին կոտրել հաջողվեց միայն ավելացված ժամանակի վերջին րոպեին։

Գնալ Սոչի գնացքով եւ գրեթե մեկուկես օր ծախսել ճանապարհի վրա, թե մնալ Մոսկվայում եւ «Սպարտակ» ստադիոնից հետեւել Բելգիա-Թունիս խաղին… Դեռեւս ամիսներ առաջ որոշում էի կայացրել, որ պետք է մնալ Մոսկվայում, չնայած եթե հայտնի լիներ, թե ինչպիսի դրամատիզմ կունենա Գերմանիա-Շվեդիա դիմակայությունը, գուցե արժեր ինքնաթիռի տոմս գնել ու գնալ։ Ինչեւէ, վաղուց որոշել էի, որ Բելգիա-Թունիս հանդիպումը կարող է ավելի հետաքրքիր լինել։

«G» խմբի առաջատար Բելգիայի հավաքականը Թունիսի ընտրանու դեմ խաղում ապացուցեց, որ ունի հաղթանակների ծարավ սերունդ եւ մարզչական շտաբ, ինչը կարող է տարիներ անց բերել դեռեւս չգրանցված արդյունք։ Բելգիայի ընտրանին ապացուցեց, որ Մունդիալի հաղթողի իրական թեկնածու է։ Թունիսցիների հետ խաղի արդեն 6-րդ րոպեին Էդեն Ազարին հաջողվեց դիպուկ 11-մետրանոց իրացնել՝ բացելով խաղի հաշիվը։


Ուղիղ 10 րոպե անց Ռոմելու Լուկակուն կարողացավ կրկնապատկել խաղի հաշիվը՝ 2-0: Չէր անցել գրեթե 100 վայրկյան, երբ Թունիսի հավաքականին հաջողվեց կրճատել հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Դիլան Բրոնը, ով քիչ անց վնասվածք ստացավ եւ փոխարինվեց։

Մինչեւ ընդմիջում Ռոմելու Լուկակուն խփեց երկրորդ գնդակը եւ երկու խաղից հետո իր հաշվին ունեցավ 4 գնդակ։ Ընդմիջումից անմիջապես հետո Էդեն Ազարը եւս դուբլ ձեւակերպեց։ Այս անգամ բելգիացին աչքի ընկավ խաղային դրվագում՝ եզրափակելով ձեռնարկված արագ հակագրոհը։

Բելգիացիների ավագին փոխարինեց Միշի Բատշուային, ում համար թիմակիցները մի քանի շատ լավ պահեր ստեղծեցին՝ մրցակցի դարպասը գրավելու համար։ Ամեն անգամ բելգիացու բախտը չէր բերում, սակայն խաղի ավարտին, ի վերջո, Միշի Բատշուային կարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը՝ 5-1 դարձնելով հանդիպման հաշիվը։ Չէր հնչել մրցավարի՝ հանդիպման ավարտն ազդարարող սուլոցը, երբ Թունիսի ընտրանուն հաջողվեց եւս մեկ գնդակ խփել։ Աչքի ընկավ Վահբի Խազրին՝ թունիսցիների թիմի ավագը։

Բելգիայի հավաքականի՝ 5-2 հաշվով հաղթանակը դարձավ «Մունդիալ-2018»-ի ամենից արդյունավետ հանդիպումը։ Մինչ այդ դեռեւս 7 գոլ մեկ խաղում չէր խփվել։ Ի դեպ, այս խաղի լավագույն խաղացող ճանաչվեց Էդեն Ազարը։

Դոնի Ռոստովում կայացավ «F» խմբի Կորեայի Հանրապետություն-Մեքսիկա հանդիպումը։ Երկու հավաքականների համար էլ հաղթանակը կարեւոր դեր ուներ հաջորդ փուլ դուրս գալու համար։ Եթե մեքսիկացիները որոշակի հոգեբանական առավելություն ունեին, քանի որ առաջին խաղում հաղթել էին աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականին, ապա հարավկորեացիները պարտվել էին Շվեդիայի ընտրանուն եւ հաղթանակը հույս էր հաջորդ փուլ դուրս գալու համար։

Առաջին խաղակեսում նշանակվեց 11-մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց Կառլոս Վելան՝ առաջ մղելով մեքսիկացիներին։ Երկրորդ խաղակեսում հակագրոհի արդյունքում մեքսիկացիների հարձակման առաջատար Խավյեր «Չիչարիտո» Էռնանդեսը կրկնապատկեց հանդիպման հաշիվը։ Դա արդեն լուրջ հայտ էր հաղթանակի հասնելու առումով։ Հարավկորեացիներին հաջողվեց միայն կրճատել հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ թիմի առաջատար Նյու Մին Սոնը՝ հեռվից դիպուկ հարված կատարելով՝ 2-1:

Հարավային Կորեան կորցրեց հաջորդ փուլ դուրս գալու շանսը, ինչը առաջացրեց թիմի մի շարք խաղացողների հուզմունքը, մինչդեռ մեքսիկացիները ցնծում էին։ Ի դեպ, Մեքսիկայի հավաքականի հաղթական գնդակը խփած Խավյեր Էռնանդեսը դարձավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Իսկական դրամա տեղի ունեցավ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում։ Աշխարհի չեմպիոն Գերմանիայի ազգային հավաքականը միմիայն հաղթանակի համար էր դուրս եկել խաղադաշտ, սակայն այնպես ստացվեց, որ շվեդներին հաջողվեց առաջին խաղակեսում արագ հակագրոհի արդյունքում գրավել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը։

Ընդմիջումից անմիջապես հետո գերմանացիները խաղադաշտում տոտալ կառավարում սկսեցին եւ շատ արագ կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Մարկո Ռոյսը։ Ու թեեւ շուրջ 40 րոպե կար գերմանացիների տրամադրության տակ հաղթանակի հասնելու համար, բայց շվեդներին ամեն կերպ հաջողվեց չեզոքացնել մրցակցին։ Անգամ այնպես ստացվեց, որ աշխարհի գործող չեմպիոնը մնաց 10 հոգով. պաշտպանության հենասյուն Ժերոմ Բոատենգը ստիպված էր հեռանալ խաղադաշտից կարմիր քարտ ստանալու արդյունքում։

Հանդիպման գլխավոր մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին խաղադաշտում հայտնված Յուլիան Բրանդը կարող էր հաղթանակ պարգեւել գերմանացիներին, սակայն նրա հուժկու հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից։ Թվում էր, թե գերմանացիները կունենան այնպիսի ցավալի ճակատագիր, ինչպիսին 2010 թ. Իտալիայի հավաքականը եւ 2014 թ. Իսպանիայի հավաքականը, որոնք, լինելով աշխարհի չեմպիոն, չկարողացան դուրս գալ խմբից։


Հանդիպման 94-րդ րոպեին գերմանացիների վերջին գրոհը Ջիմի Դուրմազը կասեցրեց կանոնների խախտմամբ։ Հարվածային դիրքում հայտնվեցին Թոնի Կրոսն ու Մարկո Ռոյսը։ Միմյանց հետ գնդակ խաղարկելուց հետո Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանության հենասյունը՝ Թոնի Կրոսը, հարվածեց՝ գնդակը կորագծով ուղղելով շվեդների դարպասի հեռավոր անկյունը՝ 2-1: Ու չնայած հաղթական գնդակը խփվեց կիսապաշտպանի կողմից, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց առաջին՝ պատասխան գնդակի հեղինակ Մարկո Ռոյսը։

Հաղթանակը գերմանացիներին ցնծություն պարգեւեց, իսկ շվեդները դեռեւս կարող են փլեյ-օֆֆ փուլի մասին մտածել, եթե հաջողվի հաղթել Մեքսիկայի հավաքականին, որն արդեն իսկ գրեթե 90 տոկոս հավանականությամբ ապահովել է իր տեղը 1/8 եզրափակիչ փուլում։