Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-06-2018
Awesome Foundation Yerevan. ճանապարհ հարթելով յուրահատուկ գաղափարների համար
Awesome Foundation Yerevan-ն արդեն 5 տարի յուրահատուկ գաղափարների համար ճանապարհ է հարթում՝ իրականություն դարձնելով բազում ինքնատիպ նախաձեռնություններ:

Այս միջազգային հիմնադրամի երեւանյան մասնաճյուղը կենտրոնացած է սոցիալական բնույթի նախագծերի ֆինանսավորման վրա, եւ այդ նախագծերն առաջարկում են մեծամասամբ երիտասարդները: 

«Awesome Foundation-ը միջազգային հիմնադրամ է, մասնաճյուղեր ունի մի շարք երկրներում: Մենք երեւանյան մասնաճյուղն ենք, եւ այս տարի լրանում է մեր մասնաճյուղի 5-ամյակը: Մեր ուղղվածությունը սոցիալական բնույթի նախագծերի ֆինանսավորումն է, ու մեր առանձնահատկությունն այն է, որ մենք ֆինանսավորում ենք թե՛ կազմակերպությունների, թե՛ անհատների գաղափարները»,- մեզ հետ զրույցում ասաց հիմնադրամի Deanերից Աննա Գեւորգյանը: 

Նրա խոսքով՝ եթե կա ինչ-որ ծրագիր, որով մարդիկ հետաքրքրված են ու գիտեն, որ դրանից սոցիալական մեծ օգուտ կարող է լինել, ապա շատ հեշտությամբ հնարավոր է դիմել հիմնադրամ: Եթե այն համապատասխանի չափանիշներին, լինի Awesome՝ հիասքանչ, ապա Awesome Foundation Yerevan-ը կֆինանսավորի այն՝ տրամադրելով 1000 դոլար դրամաշնորհ: Դա, Աննա Գեւորգյանի խոսքով, ձեւավորվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հանգանակությամբ: 

Awesome Foundation Yerevan-ն արդեն բազմաթիվ նախագծեր է ֆինանսավորել: Աննա Գեւորգյանը փաստում է՝ իհարկե, իրենց արածը փոքր-ինչ ռիսկային է, քանի որ հնարավոր է, որ գումարը վերցնեն, ոչինչ չանեն: Սակայն այս դեպքում հիմնադրամի ներկայացուցիչները հնարավորին չափ ստուգում են, որ գաղափարը ներկայացրած մարդը վստահելի լինի: 

Աննա Գեւորգյանի հավաստմամբ՝ Awesome Foundation Yerevan-ի դիմորդների ճնշող մեծամասնությունը հենց երիտասարդներն են: Վերջին ծրագիրն էլ, որ ֆինանսավորել են, հենց երիտասարդական է եղել՝ Yerevan Young Minds-ի Handmade Science-ը, որին Eritasard.am-ն արդեն իսկ անդրադարձել է: 

Awesome Foundation Yerevan-ին ներկայացվող նախագծերը կարող են լինել ծուռ եւ խելառ, բայց պարտադիր՝ իրատեսական։ Հիմնադրամը չի աջակցում արդեն գոյություն ունեցող նախագծերին, եւ դրամաշնորհը պետք է ծածկի իրականացման ծախսերն ամբողջությամբ`բացառելով աշխատավարձերը:

Awesome Foundation Yerevan-ը սիրում է նորարար, հետաքրքիր եւ արտասովոր գաղափարներ, որոնք միավորող են եւ դրական ազդեցություն ունեն, գաղափարներ, որոնք հեռուն գնալու ներուժ ունեն, նախագծեր, որտեղ դրամաշնորհը կարող է մի նոր բան սկսելու խթան հանդիսանալ։