Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-06-2018
«Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագիր
IAB բիզնեսի միջազգային ակադեմիան շարունակում է իրականացնել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» 2018-2020 թթ. եռամյա ծրագիրը։ Ծրագրի շրջանակում հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 14-ին անցկացնել Synergy բիզնես կենտրոնում (100 մասնակից, 100 մենթոր)։

Այս ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել 18-30 տարեկան երիտասարդների «Կյանքի» եւ «Բիզնեսի» հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից եւ տնտեսապես արդյունավետ զբաղվածության։ 

Նախաձեռնողները վստահ են՝ մինչեւ 2020 թ.-ը շուրջ 8000 հայ երիտասարդներ անվճար սեմինարների եւ մենթորության միջոցով կզարգացնեն կյանքի եւ բիզնես հմտություններ: Թրեյնինգների ողջ ընթացքում յուրաքանչյուր 10 մասնակցի հետ կաշխատի մեկ մենթոր։ 

«Կյանքի հմտություններ» դասընթացը բաղկացած է 8 ժամից, ներառում է հետեւյալ թեմաները՝ ինքնաճանաչում եւ ինքնազարգացում, մասնագիտական կապերի ստեղծում եւ ամրապնդում, հետադարձ կապի հմտություններ, ես՝ որպես հաղորդակցվող: 

«Բիզնես հմտություններ» դասընթացը բաղկացած է 24 ժամից, ներառում է հետեւյալ թեմաները՝ նախագծերի կառավարում, բիզնես պլան, ժամանակի կառավարում, վաճառքի հմտություններ, բանակցությունների հմտություններ, ֆինանսական գրագիտություն: 

Նշենք, որ ծրագրի մեկնարկի մասին հայտարարվել էր 2017 թ. դեկտեմբերին: Ծրագրի առաջին փուլում մասնակիցները ձեռք կբերեն ինքնազարգացման եւ ինքնագնահատման հմտություններ, այնուհետեւ կսովորեն ժամանակի եւ նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային եւ վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաեւ ֆինանսական գրագիտություն: Կազմակերպիչները նշել էին, որ բացի Երեւանից՝ վերապատրաստումներ կկազմակերպվեն նաեւ Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերի երիտասարդների համար: