Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-06-2018
Խաչիկ Եղոյանը՝ «100 դուռ» նախագծի համանուն գրքի, առաջիկա ծրագրերի եւ կայացած համերգների մասին
Ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը եւ նրա ղեկավարած «Yeghoyan Production»-ը վերջին շրջանում ակտիվ աշխատում են՝ իրականացնելով բազում նախագծեր: Բոլորովին վերջերս տեղի ունեցավ սիրված երգիչ Հարութ Բալյանի երեւանյան սպասված մենահամերգը, որը կազմակերպել ու իրականացրել էր Խաչիկ Եղոյանը:

Մեծ հաջողություն ունեցած եւ անակնկալներով լի համերգից հետո առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք Եղոյանի հետ: 

- Խաչի՛կ, վերջին շրջանում Դուք եւ Ձեր ղեկավարած «Yeghoyan Production»-ը ակտիվ աշխատել եք, իրականացրել մի շարք համերգներ: 

- Այո՛, վերջին տարիներին զգալի ակտիվացել ենք: Մի շարք մեծ նախագծեր իրականացրեցի, եւ, փառք Աստծո, դրանք՝ բոլորն էլ հաջողվել են: Բոլորովին վերջերս կազմակերպել էինք իմ լավ ընկեր Հարութ Բալյանի երեւանյան բացառիկ մենահամերգը, որն անցավ մեծ հաջողությամբ եւ յուրահատուկ ջերմ մթնոլորտում: 

- Հասցրել եք վերջին շրջանում իրականացնել ոչ միայն Հարութ Բալյանի, այլեւ Ձախ Հարութի մենահամերգը: Որքանո՞վ է հեշտ կամ դժվար նման մեծամասշտաբ համերգային երեկոներ կազմակերպելը: 

- Հեշտ որեւէ բան իրականացնել երբեք հնարավոր չէ: Հեշտ ձեռքբերվածը հեշտ էլ կորցնում ենք: Ես եւ իմ շրջապատի մարդիկ աշխատում ենք մեղվի պես: Մտածում ենք, պրպտում, ստեղծում, դժվարությամբ հասնում հաջողությունների, բայց հասնելուց ավելի ամրանում եւ գոհանում: Քաղցրությունը դժվարությամբ ստեղծածի մեջ է: Այնպես որ՝ հուսամ՝ պատասխանեցի Ձեր հարցին:

- Ինչպիսի՞ն էին Հարութ Բալյանի տպավորությունները երեւանյան համերգից: 

- Հրաշալի: Հարութ Բալյանը շատ տպավորված էր ջերմ ընդունելությունից: Ընկերս լավ ու դրական զգացողություններով լցված վերադարձավ ԱՄՆ՝ անպայման հայրենիք վերադառնալու ու հայ հանդիսատեսի հետ եւս մեկ անգամ շփվելու ակնկալիքով: 

- Այս պահին ի՞նչ այլ ծրագրեր ունեք: 

- Հենց այս պահին ավարտում եմ պետական կառույցներից մեկի հոբելյանին նվիրված վավերագրական տեսաֆիլմի մոնտաժային աշխատանքները: Այնուհետեւ շատ արագ պետք է շարունակեմ կիսատ թողած «100 դուռ» նախագծի համանուն գրքի խմբագրումը: Այն ավարտին հասցնելուց հետո պետք է հանձնեմ տպագրության: Դրանից հետո վերջապես պետք է սկսեմ նկարահանել իմ հեղինակած «Դարը» պատմվածքի հիման վրա կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Բացի դրանից՝ մի քանի հեռուստանախագծերի շուրջ եմ մտածում եւ արդեն բանակցում հեռուստաընկերությունների հետ։

- Առաջիկայում արտիստներից ո՞ւմ համերգն է նախատեսված: 

- Այս պահին տեղի են ունենում բանակցություններ ռուսական շոու բիզնեսի երկու արտիստների հետ: Մի քանի օրից նրանցից մեկի պրոդյուսերական թիմը պիտի այցելի Երեւան, որպեսզի հանդիպի ինձ հետ, եւ այդ վերջնական բանակցությունների դրական ավարտից հետո բնականաբար կհայտարարենք, թե ում մեծ մենահամերգը կլինի շուտով Երեւանում։

- Եթե դեմ չեք՝ նաեւ անձնական հարց: Մարզահամերգային համալիրում անցկացված համերգին Հարութ Բալյանը նշեց. «Ընկերս՝ համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանը, սիրահարվել է Անի անունով աղջկա, ով այստեղ է»: Այս համատեքստում նորություններ կա՞ն:

- Իհարկե, դեմ չեմ, թեպետ ես երբեք չեմ սիրել անձնականն ի ցույց աշխարհի դնել: Վերջապես ես էլ խոցվեցի սիրո նետով: Նրա անունը Անի է, ավելի քան վստահ եմ, որ մենք իրար համար ենք ստեղծված: Ես երջանիկ եմ, որովհետեւ սիրում եմ, իսկ երբ սիրում ես, շուրջդ ամեն բան գեղեցկանում է, լուսավորվում, եւ ավելի հեշտ ես սկում իրականացնել ծրագրերդ։