Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 29-06-2018
Հանդիպում «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի ներկայացուցիչների հետ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը հանդիպել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» (Save the Children) միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի եւ «ՕքսԵՋեն» (oxYGen) հիմնադրամի ներկայացուցիչներ հետ:

Քննարկվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ մեր երկրում 2018-2020 թթ. իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի իրականացման ընթացքը: Ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ «ՕքսԵՋեն» երիտասարդների եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ծրագրի իրականացմանը՝ նշելով միջոլորտային եւ միջգերատեսչական համագործակցության կարեւորության մասին: «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում համակարգել երիտասարդության ոլորտում աշխատող բոլոր շահագրգիռ կողմերի աշխատանքները»,- ասել է Ք. Ասատրյանը: