Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Կազան, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 30-06-2018
Աշխարհի առաջնության 16-րդ օրը. ֆուտբոլ չկա, կան մի շարք մտքեր
Հունիսի 29-ին Ռուսաստանը վայելելու հնարավորություն ունեին ինչպես երկրի հյուրերը, այնպես էլ ֆուտբոլիստները, որոնք շարունակելու են պայքարը 1/8 եզրափակիչ փուլում։

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 15 անընդմեջ օր իր ուշադրության կենտրոնում էր պահում երկրի 11 քաղաքների 12 ստադիոններում տեղի ունեցող ֆուտբոլային իրադարձությունները։ Երկու շաբաթվա ընթացքում 32 հավաքականներն անցկացրին ուղիղ 48 հանդիպում, Ռուսաստանն այդ ընթացքում հյուրընկալեց ավելի քան 2 մլն երկրպագու աշխարհի ավելի քան 7 տասնյակ երկրից, ինչը բացառիկ արդյունք է։



Երբեմն դիտարժան, երբեմն էլ ձանձրալի պայքարում անցկացված 48 խաղերի ընթացքում արդեն իսկ արձանագրվել են մի շարք նորարարություններ, թարմացվել են բազմաթիվ ռեկորդներ, այդ թվում՝ 11-մետրանոցների եւ ինքնագոլերի առումով։ Սա իսկապես պատմության մեջ չափազանց հեղափոխական առաջնություն է՝ հաշվի առնելով նոր՝ «VAR» տեսակրկնությունների համակարգի ներդրումը եւ մրցավարների՝ սխալվելու հնարավորության կրճատումը։ Արդեն պարզ է, որ գրեթե 99,3 տոկոս դեպքերում մրցավարները ճիշտ որոշումներ են կայացրել՝ կիրառելով նաեւ «VAR»-ի տված հնարավորությունները։ Եթե չլիներ տեսակրկնությունների համակարգը, ապա պարզվում է, որ գրեթե 5 տոկոսով կընկնի ճիշտ որոշումների տոկոսը։



Առավել հետաքրքիր է լրագրողների համար ստեղծված պայմանները, որոնք չեն կարող գոհացնող չլինել։ Լրագրողական բեյջ ունենալու պարագայում կարելի է քաղաքից քաղաք ճամփորդել լիովին անվճար, իսկ խաղերի օրը հասարակական տրանսպորտը անվճար է դառնում ինչպես լրագրողի, այնպես էլ ցանցակած ֆուտբոլային երկրպագուի համար, որին տրված է «FAN ID»` երկրպագուի անձնագիր։ Սա եւս հետաքրքիր նորամուծություն է, ինչը կիրառվեց դեռեւս մեկ տարի առաջ, երբ Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարն էր կազմակերպվել։ Տրամադրելով այսպիսի ինքնատիպ առավելություն երկրպագուին՝ զգալիորեն բարելավվում է անվտանգությունը, քանի որ ցանկացած երկրպագու խաղադաշտ կարողանում է մտնել միմիայն այդ երկրպագուական անձնագրով, որտեղ նրա տվյալներն են՝ անուն, ազգանուն, քաղաքացիություն եւ լուսանկար....



Անցած 15 օրերի ընթացքում հնարավորություն է եղել լինելու 12 ստադիոններից 9-ում, որոնք իրոք գերազանց վիճակում են գտնվում՝ չնայած աշխարհի առաջնության մեկնարկից առաջ առկա էին մի շարք մտահոգություններ։ Ենթակառուցվածքների առումով, ինչ խոսք, կան խնդիրներ։ Այնպես չէ, թե կազմակերպիչները լիարժեք լուծել են ամեն հնարավոր խնդիր, սակայն դա մեծ դժվարություն առաջ չի բերում։

Հունիսի 30-ին սկսում է վճռորոշ փուլը. մեկնարկում է 1/8 եզրափակիչը, որտեղ պարտվող արդեն կհավաքի ճամպրուկները։ Իհարկե, խմբային փուլում անակնկալներ եղել են, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի փլեյ-օֆֆ փուլ դուրս չգալը, աֆրիկական երկրների ներկայացուցիչների վատ ելույթները, նշանակված բազմաթիվ 11-մետրանոցները եւ ոչ պակաս էլ դրանց չիրացումը....



Այսպիսով՝ անցած 15 օրերից հետո եկել է ամփոփելու պահը. հաջորդ փուլ են անցել Ուրուգվայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Խորվաթիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Մեքսիկայի, Բելգիայի, Անգլիայի, Կոլումբիայի եւ Ճապոնիայի ազգային հավաքականները։ Վերջիններս տեղավորվել են միմյանցից աջ եւ ձախ կողմ՝ կազմելով 1/8 եզրափակիչ փուլի զույգեր, որոնց թվում են՝ ձախ կողմում՝ Արգենտինա – Ֆրանսիա, Պորտուգալիա – Ուրուգվայ, Բրազիլիա – Մեքսիկա, Բելգիա – Ճապոնիա, իսկ աջ կողմում՝ Ռուսաստան – Իսպանիա, Դանիա – Խորվաթիա, Շվեդիա – Շվեյցարիա, Կոլումբիա – Անգլիա։



Իհարկե, փլեյ-օֆֆ փուլում թույլ մրցակիցներ չկան, սակայն նկատելի է, որ աջ կողմում տեղ գտած հավաքականներից առանձնանում են Անգլիայի եւ Իսպանիայի հավաքականները, սակայն կարող են անակնկալ մատուցել նաեւ Խորվաթիան, Շվեդիա ու Շվեյցարիան, չարժե դուրս թողնել նաեւ մրցաշարի կազմակերպիչ երկրի՝ Ռուսաստանի հավաքականին։ Ձախ կողմում առավել քան թեժ կլինի պայքարն արդեն առաջին օրից սկսած՝ Արգենտինա – Ֆրանսիա եւ Ուրուգվայ – Պորտուգալիա դիմակայությունները կարող են անգամ այսօրինակ մրցաշարի եզրափակիչի արժանի հանդիպում լինել։

Թերեւս հունիսի 30-ից սկսվելու է ամենահետաքրքիր փուլը։ Այժմ առավել շոշափելի կլինի, թե ինչ կերպ են հավակնորդները պայքարելու աշխարհի չեմպիոնի ոսկե գավաթի համար...