Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Կազան, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 01-07-2018
Աշխարհի առաջնության 17-րդ օրը. ֆուտբոլը գեղեցիկ է ու դրամատիկ
Թրիլլերային սցենարին համարժեք գործողություններ տեղի ունեցան Ֆրանսիա – Արգենտինա խաղում, իսկ Ուրուգվայ – Պորտուգալիա դիմակայությունը մինչեւ վերջին վայրկյանը լարված էր։

Ասում են, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլում հիմնական հավակնորդները նոր սկսում են մտածել արդյունքի մասին եւ ցուցադրում են իրենց հմտությունների ամբողջ զինանոցը։ Սա բազմիցս ապացուցվել է, սակայն բացառություններ եւս եղել են։ Այդ բացառությունները հաճախ ստիպել են տրիբունաներում գտնվող երկրպագուներին ոչ դիտարժան ֆուտբոլի ականատես լինել, բայց այն, ինչ տեղի ունեցավ Կազանում՝ Ֆրանսիա – Արգենտինա դիմակայության ժամանակ, քիչ է ասել, որ ֆուտբոլ է՝ լի գեղեցիկ պահերով, դրամատիզմով, անհատական եւ թիմային պայքարի շատ գունեղ դրվագներով։

Հանդիպման մեկնարկը շատ տպավորիչ ստացվեց. արդեն առաջին րոպեներին ֆրանսիացիներին հաջողվեց տիրել նախաձեռնությանը։ Վտանգավոր դիրքում տուգանային հարվածի ժամանակ իր վրա պատասխանատվություն վերցրեց Անտուան Գրիզմանը։ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր աստղի հարվածից հետո գնդակն անդրադարձավ դարպասաձողից։ Նկատվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբը որոշել էր հնարավորինս արագ արդյունքի հասնել։



Արդեն 13-րդ րոպեին Անտուան Գրիզմանին հաջողվեց մեկնարկային առավելությունն ամրագրել. Կիլիան Մբապեի հետ պայքարում կանոնների խախտումը սեփական տուգանային հրապարակում հանգեցրեց 11-մետրանոց հարվածի, որն էլ ֆրանսիացիների «7» համարը դիպուկ իրացրեց՝ 1-0: Ոչ մի կերպ թիմային խաղով աչքի ընկնել արգենտինացիները չէին կարողանում, սակայն մինչեւ 1-ին խաղակեսը կավարտվեր, անհատական վարպետությամբ աչքի ընկավ Անխել Դի Մարիան։ Նրան հաջողվեց հեռահար հարվածով խոցել ֆրանսիացիների պաշտպանած դարպասը՝ 1-1:

Երկրորդ խաղակեսն ավելի վստահ մեկնարկեցին արգենտինացիները։ Լեո Մեսսիի մոտ չստացվեց  ուժեղ հարվածել գնդակին, սակայն ճիշտ պահին ճիշտ տեղում էր պաշտպան Գաբրիել Մերկադոն։ Արգենտինացին, զուտ դիպչելով գնդակին, կարողացավ այն ուղարկել Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը՝ 2-1 հաշիվ հօգուտ Արգենտինայի հավաքականի։



Լեո Մեսսիի եւ թիմակիցների ցնծությունը տեւեց 9 րոպե։ Հանդիպման 57-րդ րոպեին Բենժամեն Պավարին՝ ֆրանսիացիների եզրային պաշտպանին, արգենտինացիներն աչքաթող էին արել, իսկ 22-ամյա ֆուտբոլիստը տիրապետում է հուժկու եւ դիպուկ հարվածների հեռու տարածությունից։ Սա ապացուցվեց, եւ հանդիպման հաշիվը վերականգվեց՝ 2-2: Ընդամենը 4 րոպեում 19-ամյա Կլինիան Մբապեն կարողացավ խորտակել արգենտինացիների՝ չեմպիոն դառնալու իղձերը։ Մրցակցի պաշպաններին արագությամբ տասնյակ անգամ գերազանցող ֆրանսիացին, 64-րդ եւ 68-րդ րոպեներին աչքի ընկնելով, հանդիպման հաշիվը դարձրեց 4-2՝ հօգուտ ֆրանսիացիների։

Խաղը փրկելու համար արգենտինացիները ժամանակ ունեին, սակայն թիմային գործողություններ չկար։ Արդյունքում անհատական վարպետության հաշվին խաղում երկրորդ անգամ Լեո Մեսսին կարողացավ նկատել խաղընկերոջը եւ գոլային փոխանցում կատարել. Սերխիո Ագուերոյին այս անգամ մնում էր չվրիպել եւ այդպես էլ եղավ՝ 4-3: Արգենտինացիներին եւս մեկ գոլ էր պետք, բայց Սերխիո Ագուերոյի գոլն արդեն իսկ գրանցվել էր հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին։ Մեկ րոպե դեռ կար, սակայն դա բավարար չէր... Լեո Մեսսին, որը վերջերս էր բոլորել 31-ամյակը, լքում է պայքարը եւ կարծես կարող է հայտարարել հավաքականից հեռանալու մասին։ Երիտասարդ Կիլիան Մբապեն էլ միացավ լեգենդար ֆուտբոլիստների շարքին, որոնց հաջողվել է մինչեւ 20-ամյակը բոլորը դուբլ ձեւակերպել Մունդիալի փլեյ-օֆֆ փուլում։ Պատահական չէ, որ նա էլ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։



Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում նույն օրը որոշվեց ֆրանսիացիների նաեւ մրցակիցը 1/4 եզրափակիչ փուլում։ Ուրուգվայ – Պորտուգալիա դիմակայությունն աչքի ընկավ դրամատիզմով, քան թե շատ գոլերով, չնայած արդեն 7-րդ րոպեին Էդինսոն Կավանի – Լուիս Սուարես զույգի գերազանց իրար հետ համագործակցելու արդյունքում ուրուգվայցիները բացեցին հանդիպման հաշիվը։

Քրիշտիանու Ռոնալդուն եւ թիմակիցները մինչեւ ընդմիջում չկարողացան հավասարեցնել խաղի հաշիվը եւ երկրորդ խաղակեսում դաշտ դուրս եկան պարտվող կարգավիճակով։ Ընդամենը 10 րոպե անց, սակայն, Պեպեին հաջողվեց օդային պայքարում հաղթող ճանաչվել ուրուգվայցիներից ավելի բարձր ճախրելու շնորհիվ։ Պաշտպանը հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 1-1:



Երբ թվում էր, թե պորտուգալացիները խփած գոլից հետո կկարողանան ավելի վստահ հանդես գալ եւ հաղթանակի հասնել կամ գոնե հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, Ուրուգվայի հավաքականին հաջողվեց մրցակցի սխալի արդյունքում արագ հակագրոհ ձեռնարկել։ Հարվածի համար նպաստավոր դիրքում հայտնված Էդինսոն Կավանին կարողացավ երկրորդ անգամ գրավել  Ռուի Պատրիսիու պաշտպանած դարպասը՝ 2-1:

Գրեթե կես ժամ պորտուգալացիներն ունեին իրենց տրամադրության տակ, որպեսզի կարողանան ճեղքել մրցակցի պաշտպանությունը եւ գոնե ոչ-ոքի խաղալ, սակայն չստացվեց։ Հանդիպման 72-րդ րոպեին էլ Քրիշտիանու Ռոնալդուն մրցակցի դարպասը գրավելու փոխարեն աչքի ընկավ բարձր մարդկային արժեքներով՝ օգնելով վնասվածք ստացած Էդինսոն Կավանիին լքելու դաշտը։ Թերեւս սա պորտուգալացու մասնակցությամբ գլխավոր դրվագն էր այս խաղում։ Իհարկե, հետագայում նաեւ պահեր եղան, երբ Պորտուգալիայի հավաքականին կարող էր հաջողվել մեկ անգամ էլ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, սակայն չստացվեց փոխել իրավիճակը անգամ փոփոխությունների միջոցով. ոչ Ռիկարդու Կուարեժման, ոչ Անդրե Սիլվան եւ ոչ էլ Մանուել Ֆերնանդեշը ունակ չէին փրկելու կործանվող Պորտուգալիայի հավաքականին։



Դուբլի հեղինակ դարձած Էդինսոն Կավանին ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, իսկ Քրիշտիանու Ռոնալդուն միանում է Լեո Մեսսին եւ նույն օրը դուրս մնում հետագա պայքարից։ Սա չափազանց հետաքրքիր արդյունք է.... Տասնամյակի երկու մեծագույն ֆուտբոլիստները կարծես թե այդպես էլ չեն կարողանա դառնալ աշխարհի չեմպիոն, քանի որ չորս տարի անց Կատարում տեղի ունենալիք աշխարհի առաջնությունը նախատեսված է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ այդ ժամանակ պորտուգալացին կլինի 37, իսկ արգենտինացին՝ 35 տարեկան...

Մի քանի օր անց՝ հուլիսի 6-ին, Նիժնի Նովգորոդում Ֆրանսիայի եւ Ուրուգվային հավաքականները կպարզեն, թե որ երկրի ֆուտբոլային ընտրանին կխաղա կիսաեզրափակիչում։ Ի դեպ, Եվրոպա – Հարավային Ամերիկա մրցակցությունում Ֆրանսիայի հավաքականը շարունակում է նախանձելի առավելություն պահպանել՝ չպարտվելով մրցակիցներին գրեթե երկու տասնյակ խաղերում։