Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթեւոսյանի
Տեղադրվել է 02-07-2018
Կայացավ «Հայ բույս» ամենամյա փառատոնը
Հունիսի 30-ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կայացավ ամենամյա «Հայ բույս» փառատոնը, որը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նախագիծ է եւ անցկացվում է 2015 թ.-ից:

Փառատոնի նպատակը

Փառատոնի նպատակն է ներկայացնել եւ ժողովրդականացնել Տավուշի մարզի հարուստ բուսական աշխարհը՝ որպես կարեւոր ռեսուրս, ինչպես նաեւ բարձրացնել Հայաստանում աճող բույսերի մասին իրազեկվածության մակարդակը՝ տեղեկացնելով շատ անհայտ, սակայն օգտակար բույսերի մասին: 

Փառատոնն ունի նաեւ կարգախոս՝ «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք»: Այս տարի «Հայ բույս» փառատոնը հյուրերին ներկայացավ ամբողջովին նորովի եւ գեղեցիկ անակնկալներով: 

Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էին նաեւ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը եւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը: 

Վահե Ղալումյանը ողջունեց փառատոնի մասնակիցներին եւ նշեց, որ Տավուշը միշտ պատրաստ է հյուրեր ընդունել Հայաստանի տարբեր վայրերից եւ արտերկրից, ներկայացնել իր հարուստ բնությունն ու բարիքները: 



«Հայ բույս» փառատոնի համահիմնադիր Գայանե Չիբուխչյանի խոսքով՝ փառատոնն արդեն 4-րդ անգամ է անցկացվում, իսկ գլխավոր նպատակը ոչ թե առքուվաճառքն է, այլ մարդկանց բույսերի մասին իրազեկելը. «Շատ ուրախ ենք, որ ամեն տարի մասնակիցների թիվն ավելանում է: Կան մարդիկ, ովքեր մասնակցել են նախորդ 3 փառատոներին եւ այս տարի եւս մեծ ուրախությամբ դիմել են մեզ՝ կրկին մասնակցելու համար: Հետաքրքրությունն ու մարդկանց թիվն ամեն տարի ավելանում են, ինչը միայն դրական է»:

Գայանե Չիբուխչյանը նաեւ փաստեց հետաքրքրության աճը խաղաղության բրդուճի պատրաստման հանդեպ: Այս տարի հետաքրքրություն են դրսեւորել մի շարք դեսպանատներ եւ հայտնել, որ ցանկանում են մասնակցել:

Համահիմնադիրներից Գայանե Աղայանն էլ փառատոնի հաջողության գործում կարեւորում է մասնակիցների մեծ թիվն ու հետաքրքրությունը. «Այստեղ ամեն բան ինքնաբուխ է ստացվում, ինչն ունի իր հետաքրքրությունը: Եթե մարդիկ ցանկություն ունեն պարելու, ապա նրանք պարում են: Մթնոլորտը տրամադրող է: Այստեղ յուրաքանչյուր այցելու գտնում է որեւէ բան՝ իր հետաքրքրություններին համապատասխան: Մարդկանց ակտիվությունը շատ կարեւոր է՝ օրը հագեցած դարձնելու համար»: 

Գայանե Աղայանը շեշտեց բաղադրատոմսերի առկայությունը, որտեղ նշված են մի շարք կերակրատեսակներ եւ դրանց բաղադրիչները: 

Իրինա Չիբուխչյանն իր հերթին փաստեց. «Մեզ համար հաջողությունն այն է, որ մարդիկ իսկապես ցանկություն ունեն մասնակիցը դառնալու այս տոնական միջոցառմանը: Իհարկե, մեծ ներդրում ունեն լրագրողները, որոնց միջոցով մարդիկ իրազեկվում են, թե ինչ է, ի վերջո, այստեղ տեղի ունենում: Մենք ստեղծել ենք փառատոն, որը համախմբում է բոլոր տարիքային խմբերի անդամներին: Մարդիկ գալիս են խմբերով, ընտանիքներով, զույգերով: Ինչ խոսք, դա հրաշալի է»: 



Դրական պահեր փառատոնի ընթացքում, երիտասարդների ներգրավվածություն

Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ ծաղկարվեստի ֆլորիստների մրցույթ, որի ժամանակ ներկայացվեցին գեղեցիկ եւ նրբաճաշակ դիզայներական լուծումներով ծաղկային կոմպոզիցիաներ: Ներկայացված 3 ծաղկային կոմպոզիցիաների երիտասարդ հեղինակներն իրենց կոմպոզիցիաներում աշխատել էին ներառել բնության այնպիսի տարրեր, որոնք առավել ներդաշնակ էին Տավուշի բնությանը: Այդ աշխատանքներն արժանացան մրցանակների, քանի որ ժյուրին չկարողացավ առանձնացնել որեւէ մեկը: Փառատոնի մասնակիցները լուսանկարվեցին գեղեցիկ կոմպոզիցիաների հետ՝ ունենալով գեղեցիկ եւ յուրահատուկ լուսանկարներ:

Տաղավարներից յուրաքանչյուրն առանձնանում էր իր յուրահատուկ ցուցադրություններով: Ամենակարեւորն այն էր, որ ամեն ինչ համադրվում էր բնության հետ: Մի խումբ երիտասարդ աղջիկներ ծաղիկներից եւ բույսերից ստեղծեցին գեղեցիկ կոմպոզիցիաներ, որոնք վերջում վերածվեցին պանոյի:

Տաղավարներում ներկայացված էին նաեւ տարբեր բույսեր, որոնք առանձնահատուկ դեր ունեն թե՛ բժշկության մեջ, թե՛ առօրյա կյանքում: Առանձնահատուկ հետաքրքրություն էին առաջացնում փայտից պատրաստված իրերը, որոնք կարող էին ծառայել ե՛ւ որպես հուշանվեր ե՛ւ որպես օգտագործման իրեր: Հայ կնոջ գեղանի կերպարն ամփոփված էր տիկնիկներում, որոնք ներկայացված էին առանձին տաղավարում: 



Խաղաղության ամենամեծ բրդուճը

Հավատարիմ մնալով նախորդ տարիների ավանդույթներին՝ «Հայ բույս» փառատոնն իր հյուրերին ներկայացրեց ավանդական հայկական լավաշով պատրաստված խաղաղության մեծ բրդուճը՝ համեմված հայկական խոտաբույսերով եւ տարբեր երկրներում արտադրված պանրատեսակներով: Այդ բրդուճի պատրաստումն ինքնանպատակ չէ: Յուրաքանչյուր բաղադրատարր ունի իր նշանակությունը. հացը խորհրդանշում է ընտանիքը, խոտաբույսերը՝ կյանքը: 

Բրդուճի պատրաստմանը մասնակցեց նաեւ Շվեյցարիայի դեսպանը, ով անձամբ էր կտրատում շվեյցարական պանիրը: Արտասահմանցի հյուրերն էլ մեծ ոգեւորությամբ հետեւում էին պատրաստման գործընթացին: 

Նրանք տպավորված էին հայկական հյուրընկալությամբ եւ այդչափ ջերմությամբ: Հայկական լավաշի մասին էլ նրանք արտահայտվեցին այսպես. «Մինչեւ լավաշը փորձելը մենք չգիտեինք, թե ինչ կարեւոր նշանակություն ունի այն հայերի համար, եւ թե ինչու են հայերն այդքան սիրում: Երբ փորձեցինք, հասկացանք, որ համն ու բույրն իսկապես անմահական են: Մենք սիրեցինք Հայաստանը»:



«Ենոքավանյան պոլո» շոու

«Գոլ», «Առաջ», «Հարված»… Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարծես տեղափոխվել էր Ենոքավան: Կապույտների եւ կարմիրների թիմը պայքարում էր լավագույնի տիտղոսի համար: Արեւն էլ ապահովում էր եռագույնի համալրումը: 

Բաղադրատոմս՝ «Հայ բույս» փառատոնից

Բազուկով, խնձորով աղցան: Անհրաժեշտ է 120 գ. բազուկ, 25 գ. սոխ, 50 գ. թթվասեր, 30 գ. թթու խնձոր, 25 գ. ընկույզ, 25 գ. ձեթ եւ աղ: 

Սոխը մանր կտրատել, թավայի մեջ սոխառած անել, ավելացնել քերիչով անցկացված բազուկը, լավ խառնել, տապակել մինչեւ փափկի, թողնել հովանա, ապա վրան ավելացնել չամիչը, քերիչով անցկացրած խնձորը, ընկույզը, ավելացնել աղ եւ ձեւավորել թթվասերով: 

Հ.Գ.: Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն արդեն ազդարարեցին հաջորդ տարի կայանալիք փառատոնի օրը: 5-րդ «Հայ բույս» փառատոնը կկայանա 2019 թ. հունիսի 29-ին: 

Պատկերասրահ՝ «Հայ բույս - 2018» փառատոնը