Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 03-07-2018
«Ամառային դպրոց 2018»-ին կհաջորդի դեպի Արցախ ուխտագնացությունը
Քննական շրջանն ավարտվել է ԵՊՀ-ում, սակայն ուսանողներից շատերը նախընտրում են հանգիստը համատեղել այլընտրանքային կրթության հետ: ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ի ամառային դպրոցը ընձեռում է երիտասարդներին այդ հնարավորությունը:

«Ամառային դպրոց 2018»-ը մեկնարկել է հունիսի 29-ին: Դպրոցից հետո՝ օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը, ամառային դպրոցի մասնակիցները կմեկնեն Արցախ՝ ուխտագնացության: Այս տարի «Ամառային դպրոց 2018»-ը նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին և ԵՊՀ գալիք 100-ամյա հոբելյանին:



«Արդեն 22 տարի է ինչ կազմակերպում ենք ամառային դպրոցը: Սակայն տասը տարի է, ինչ ամառային դպրոցից հետո մեկնում ենք Արցախ՝ Վանք գյուղ: Բնակվում ենք Վանքում: Պաշտպանության նախարարության և Արցախի ՊԲ-ի համաձայնությամբ շրջագայում ենք զորամասերում: Միասին ծրագիր ենք մշակում և իրականացնում»,- նշեց ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը: 



«Ամառային դպրոց 2018»-ի դասընթացները տեղի են ունենում ԵՊՀ-ում: Քննարկվում են Արցախյան հիմնահարցին առնչվող մի շարք հարցեր: Սաթենիկ Աբրահմյանը կարևորում է այն հանգամանքը, որ տարիների ընթացքում «Վարդանանք»-ը ձեռք է բերել շատ բարեկամներ, որոնք իրենք են առաջարկում դասախոսությունների այնպիսի թեմաներ, որոնք կհետաքրքրեն երիտասարդներին: 



Ինտերակտիվ դասախոսություններից, ուսուցողական խաղերից զատ ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպվում են նաև այցեր մշակութային վայրեր՝ թանգարաններ, գրադարաններ և այլն: Մասնակիցները արդեն հասցրել են այցելել Ազգային պատկերասրահ, որտեղ ցուցադրվել են Մինաս Ավետիսայանի կտավները: 



Իսկ ազգային երգ և պար երիտասարդներին ամառային դպրոցի շրջանակներում սովորեցնում է «Վան» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավարի Անդրանիկ Հովհաննիսյանը: Կազմակերպիչների նպատակն է նաև մշակույթի միջոցով երիտասարդներին ուղեկցել դեպի ազգագրական ակունքները: