Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-07-2018
Մարդը, որը չունի կասկածներ, իմաստությունից զուրկ է. Դարեն Արոնոֆսկի
Երեւանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում էր ճանաչված ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին:

Կինոփառատոնի պատվավոր հյուրը մեր երկրում հասցրեց մասնակցել Վարդավառի տոնակատարություններին, ջրեց ու ջրվեց: Արոնոֆսկուն մեր երկրում բուռն ու ոգեւորված կերպով էին դիմավորում: Իր այցի շրջանակում հայտնի ռեժիսորը հանդես եկավ երկու վարպետության դաս-հանդիպումներով, որոնցից ծաղկաքաղ արած մտքերը ներկայացնում ենք ստորեւ: 

Տնային աշխատանք

Ես «տնային աշխատանք» շատ եմ անում եւ շատ վաղ եմ հասկանում՝ ինչ եմ ստանալու վերջում: Այսինքն՝ ֆիլմը սկսելուց գիտեմ՝ ինչ եմ անելու: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆիլմ 3 անգամ է նկարվում՝ երբ սցենարն է գրվում, երբ դերասաններն են խաղում, եւ երբ մոնտաժում ես այն:

Ռեժիսոր եւ դիրիժոր 

Լավ կլիներ՝ ֆիլմարտադրությունն արվեստ լիներ: Երբեմն, այո, այն արվեստ է, բայց ավելի հաճախ այն բյուրոկրատիա է՝ անվտանգության, ֆինանսական առումով, եւ տակը բան չի մնում` արվեստը շատ քիչ է մնում: Ռեժիսորը նվագախմբի դիրիժորի պես է՝ ստեղծագործության կատարումը հաջողված է, երբ երաժիշտները, բացի պրոֆեսիոնալիզմից, նաեւ ներդաշնակ են նվագում: Բացի այդ՝ ֆիլմ նկարելն ամուսնության պես մի բան է՝ միշտ չէ, որ կատարյալ ներդաշնակ է ձեր միասնությունը: 

Անկեղծ լինելով դիտողի հետ 

Ես համոզված չեմ կարող ասել, թե ինչպես են ձեւավորվում իմ ֆիլմերը: Դրանք իմ ներսից են հայտնվում: Երբ ֆիլմն արդեն ստեղծված է, մարդիկ գրում են կինոնկարներիս մասին, եւ ես հասկանում եմ, թե ինչ նշանակություն ունի ֆիլմը նրանց համար: Ֆիլմերս յուրաքանչյուր մարդու համար տարբեր իմաստ ունեն: Որոշ մարդիկ ընկալում են դրանք, որոշները՝ ոչ այնքան: Կարեւորը՝ անկեղծ լինես ֆիլմ դիտողի հետ:

Հինգ խորհուրդ երիտասարդ կինոգործիչներին Դարեն Արոնոֆսկուց. 
- Պատմեք պատմություն, որը միայն դուք կարող եք պատմել:
- Եղեք հետեւողական: Շատերը կասեն «գնա այստեղից», բայց պետք է շարունակել հավատալ սեփական պատմությանը:
- Գտեք ստեղծագործական ընտանիք, որը ձեզ կաջակցի: 
- Աշխատեք կենտրոնացած, որովհետեւ հերիք է թուլանաս, ժամանակը առաջ կանցնի: 
- Նվիրվեք նրան, ինչ անում եք: Դա ձեզ կօգնի ամեն ինչ հաղթահարել ու մղվել առաջ: