Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Լիլիթ Զեյնալյանի
Տեղադրվել է 14-07-2018
Ակտիվ հայ երիտասարդությունը՝ մշտապես ուշադրության կենտրոնում
Կայացավ «ՄասնակցուՄԵՆՔ» ծրագրի շրջանակում իրականացված Երիտասարդական ֆորումի փակման արարողությունը, որին մասնակցեցին մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Հայաստանում շատ ակտիվ գործունեություն ծավալող «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից օրերս կազմակերպվել էր Երիտասարդական ֆորում, որի մասնակիցների վկայականների հանձնման եւ միջոցառման փակման արարողությանը մասնակցում էին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը եւ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Մինչեւ տեղի կունենար վկայականների հանձնման արարողությունը, հակիրճ ամփոփվեց ընդամենը օրեր առաջ մեկնարկած Երիտասարդական ֆորումը, որի նպատակն էր ստեղծել երկխոսության համար այնպիսի հարթակ, որտեղ երիտասարդների քաղաքացիական եւ տնտեսական մասնակցության հարցերով հետաքրքրվող շահագրգիռ կողմերը կհանդիպեն Հայաստանի 10 մարզերի գյուղական եւ քաղաքային համայնքներում բնակվող հայ երիտասասարդներին՝ համատեղ քննարկելու ոլորտի մարտահրավերները եւ միասին կազմելու առաջարկությունների փաթեթ։

Ըստ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանի՝ այսօրինակ միջոցառում կազմակերպելն անհնար կլիներ, եթե երիտասարդությունը չստանար աջակցություն երիտասարդական ոլորտով հետաքրքրված այլ կազմակերպությունների կողմից. «Ցանկացած երկրի զարգացման երաշխիքներից մեկը երիտասարդների քաղաքացիական եւ տնտեսական մասնակցությունն է։ Սա նկատելի էր նաեւ ընդամենը երկու ամիս առաջ մեր երկրում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների ժամանակ, որի ակտիվ մասնակիցների մեջ մեծ տեղ ունեին երիտասարդները։ Մենք վստահ ենք, որ տեղեկացված ու մասնագիտորեն կրթված երիտասարդությունը կարող է լինել ցանկացած հասարակության շարժիչ ուժը»։



Ելույթ ունեցավ նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Վերջինս վստահեցրեց ներկաներին, որ իր՝ ԵՄ պատվիրակության ղեկավար լինելու ամբողջ ընթացքում հայ երիտասարդությունը կլինի ուշադրության կենտրոնում, կմշակվեն ծրագրեր երիտասարդների ակտիվությունը խթանելու եւ կարողությունները զարգացնելու համար։

«Արդեն իրականություն է Եվրոպական միությունը երիտասարդության համար (EU4Youth) խոշոր ծրագրին հայ երիտասարդության ներգրավվածությունը։ Եթե ցանկանում եք Հայաստանում ավելի շատ Եվրոպա տեսնել, մի՛ ամաչեք դրանից»,- հավելեց Հայաստանում ԵՄ դեսպանը՝ շնորհակալ լինելով հայ երիտասարդներին Եվրոպական միության կարողությունների զարգացման բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակցության համար։

Երիտասարդական ֆորումի փակման արարողության ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը։ Վերջինիս խոսքով՝ դեռ մի փոքր բարդ է «պաշտոնյայի դերում լինելը, քանի որ երկար տարիներ երիտասարդական ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանք իրականացրել է որպես երիտասարդական աշխատող»։



«Տեղյակ լինելով Հայաստանում երիտասարդական ոլորտի հիմնախնդիրներին՝ ներկայումս արդեն հնարավորություններ կան դրանք լուծելու։ Իմ նշանակումից սկսած՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը վստահաբար կանգնած է լինելու այսօրինակ նախաձեռնությունների կողքին եւ իր հնարավորությունների սահմաններում սատարելու է»,- նշեց Քրիստինե Ասատրյանը՝ բարի երթ մաղթելով «ՄասնակցուՄԵՆՔ» ծրագրի եւ Երիտասարդական ֆորումի մասնակիցներին։

Երիտասարդական ֆորումի մասնակիցներին հետագա գործունեության ժամանակ բարի երթ մաղթեց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը։ Վերջինս ընդգծեց, որ այսօրինակ նախագծերը խթանում են հայ երիտասարդների, հատկապես մարզաբնակ եւ սահմանափակ կարողությունների տեր անձանց ակտիվ ներգրավվածությունը։

Ի դեպ, «ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության եւ ակտիվ քաղաքացիության ծրագրի նպատակն էր բարելավել Հայաստանի սահմանափակ հնարավորություններ ունեցող գյուղական եւ քաղաքային համայնքներում բնակվող երիտասարդների կենսական պայմանները` քաղաքացիների ակտիվ ներգրավվածության, մասնակցության եւ շրջաններում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման միջոցով: Ծրագիրը բարձրացնում էր հայ երիտասարդների մասնակցության ու ներգրավվածության մակարդակը հասարակական կյանքի սոցիալական, քաղաքացիական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում:

Ծրագրի եզրափակիչ մասն էր կազմում Երիտասարդական ֆորումը՝ եռօրյա միջոցառում, որին մասնակցում էին ծրագրի շահառուները, փորձագետները, դասընթացավարները, գործընկեր կազմակերպությունները, ինչպես նաեւ մասնավոր եւ հանրային ոլորտի ներկայացուցիչներ:



Վերջին 10 ամիսների ընթացքում ՀՀ 10 մարզերում բնակվող շուրջ 60 երիտասարդներ ներգրավվել են «ՄասնակցուՄԵՆՔ» ծրագրի շրջանակներում քաղաքացիական ակտիվության եւ սոցիալական ձեռներեցության վերաբերյալ կարողությունների զարգացման դասընթացներում։ Դեռ ավելին՝ 45 երիտասարդներ հաջողությամբ անցել են մասնագիտական պրակտիկա ակտիվ քաղաքացիական հասարակության կազմակերպություններում եւ մի շարք սոցիալական ձեռնարկություններում՝ հնարավորություն ստանալով գործնականում բարելավել ծրագրի ընթացքում ձեռք բերված հմտությունները: Բացի այդ, ՔՀԿ-ների եւ սոցիալական ձեռնարկությունների 20 երիտասարդ մասնագետներ վերապատրաստվել են որպես մենթորներ՝ մասնագիտական պրակտիկաների ընթացքում երիտասարդներին հաջողությամբ ուղղորդելու համար։

Երկարաժամկետ ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից` Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոնի եւ «ԷկոԼաբ» կայուն զարգացման եւ ակտիվ քաղաքացիության հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում» ԵՄ կողմից ֆինանսավորվող «Strong CSO’s for stronger Armenia» ծրագրի կողմից:



Ի դեպ, «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանի խոսքով՝ ծրագրի վերջին փուլը կլինի ձեռնարկի միջոցով ամփոփումն այն աշխատանքի, որն արվել է նախորդ ամիսներին. «Ձեռնարկը լույս կտեսնի այս տարի։ Մեծ է հավանականությունը, որ ձեռնարկը հասանելի կլինի արդեն սեպտեմբերին։ Մենք այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք թիմով»։ 

Հ.Գ.։ «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ն հիմնվել է 2009 թվականին։ Կազմակերպության նպատակն է աջակցել եւ ոգեշնչել հայ երիտասարդներին՝ զարգացնելու վերջիններիս սոցիալական առաջնորդության հմտությունները եւ դառնալ Հայաստանում դրական փոփոխությունների շարժիչ ուժ։ Կազմակերպությունը ձգտում է նպաստել այնպիսի հասարակության ձեւավորմանը, որտեղ երիտասարդները ունեն առաջադեմ արժեքներ եւ պատրաստակամություն՝ իրականացնելու սոցիալական եւ քաղաքական փոփոխություններ իրենց համայնքներում։ Հայաստանում իր գործունեության շուրջ 8 տարվա ընթացքում երիտասարդական կազմակերպության կողմից իրականացրել է ավելի քան 300 տեղական, մարզային եւ միջազգային նախագիծ, որոնց մասնակցել են մոտ 30000 հայ եւ օտարերկրյա երիտասարդ:

Պատկերասրահ՝ Երիտասարդական Ֆորումի վկայականների հանձնման եւ փակման արարողությունը