Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ից
Տեղադրվել է 14-07-2018
Խորհրդակցություն՝ քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի գնահատման մասին
Հուլիսի 10-ին «ԴաբլԹրի բայ Հիլթն Երեւան Սիթի Սենթեր»-ում տեղի ունեցավ Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի գնահատման թեմայով ազգային խորհրդակցություն:

Միջոցառմանը մասնակցում էին քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: 



Նշենք, որ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից այս տարվա մայիս-հունիս ամիսներին իրականացվել է հետազոտություն Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի վերաբերյալ։ Հետազոտությունը հիմնված է «CIVICUS Քաղաքացիական մասնակցության համաշխարհային միավորման» եւ «Ոչ առեւտրային իրավունքի միջազգային կենտրոնի» (ICNL) կողմից մշակված մեթոդաբանության վրա։  



Այն մասնավորապես ներառում է Կայուն զարգացման նպատակների (SDG)՝ հիմնարար ազատությունների եւ տեղեկատվության մատչելիության վերաբերյալ 16.10 եւ քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության վերաբերյալ 17.17 կետերի իրականացման մոնիթորինգ:  



«Հետազոտության նպատակն է գնահատել, թե որքանով են երկրի պայմանները նպաստավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ստեղծման, աշխատանքի եւ գործունեության համար, մասնավորապես, թե ինչպես են գործնականում իրականացվում հիմնարար քաղաքացիական ազատությունների վերաբերյալ օրենքներն ու կանոնակարգերը եւ ինչպես են դրանք ազդում քաղաքացիական հասարակության վրա»,- նշեց «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Վահե Խաչիկյանը։



Հավելենք, որ նպաստավոր միջավայրի ազգային ուսումնասիրությունը «Քաղաքացիական տարածքի նախաձեռնության» մաս է հանդիսանում եւ իրականացվում է «CIVICUS Քաղաքացիական մասնակցության համաշխարհային միավորման» կողմից՝ «Ոչ առեւտրային իրավունքի միջազգային կենտրոնի», «Հոդված 19-ի» եւ «Ժողովրդավարության համաշխարհային շարժման» գործընկերությամբ ու Շվեդիայի կառավարության աջակցությամբ: Նպաստավոր միջավայրի ազգային ուսումնասիրությունը Հայատանում իրականացվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ կողմից: