Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Մոսկվա, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 16-07-2018
Աշխարհի առաջնության վերջին օրը. Ֆրանսիայի հավաքականը նվաճեց Աշխարհի գավաթը
Վերջին երկու տասնամյակում ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերն նյարդերի, քան թե ֆուտբոլային խաղի պայքար էր հիշեցնում, սակայն գոլառատ ֆուտբոլը հիասքանչ է, այն էլ «միլիոնների խաղի» եզրափակիչում։

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնը վերակառուցումից ի վեր սպասում էր այս դիմակայությանը։ Այո՛, տարիներ առաջ, երբ որոշվեց, թե որտեղ է տեղի ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության 2018 թվականի եզրափակիչ հատվածը եւ հյուրընկալ երկիր ընտրվեց Ռուսաստանը, բոլորի համար մեկ բան ակնհայտ էր. եզրափակիչ հանդիպումը պետք է կայանա «Լուժնիկի» ստադիոնում։

Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականները դեպի եզրափակիչ էին հասել լիովին այլ խնդիրներ լուծելով։ Ֆրանսիացիները հաղթել էին իրենց խմբում, ապա պայքարից դուրս թողել Արգենտինայի, Ուրուգվայի եւ Բելգիայի հավաքականներին։ Խորվաթիայի հավաքականը եւս հաղթել էր խմբային փուլում, այն էլ տպավորիչ հաղթանակի հասնելով Արգենտինայի հավաքականի հանդեպ, ապա մյուս բոլոր խաղերում ստիպված էր լրացուցիչ ժամանակ անցկացնելով առաջ շարժվել։ Դանիայի եւ Ռուսաստանի հավաքականների հետ հանդիպումներում անգամ հետխաղյա 11-մետրանոցներ էին նշանակվել հաղթողին որոշելու համար, իսկ Անգլիայի ընտրանու հետ խաղում միայն 109-րդ րոպեին՝ երկրորդ լրացուցիչ խաղակեսում էր հաջողվել խփել հաղթական գնդակ։ Ասել է թե, եթե ֆրանսիացիները եզրափակիչ էին հասել 3 անգամ 90 րոպե խաղալով, ապա խորվաթներին պետք է եղել մեկ խաղ ավելի ժամանակ՝ 3 անգամ 120 րոպե խաղալով։



Իրենց երկրի ազգային թիմերին սատարելու էին եկել Ֆրանսիայի եւ Խորվաթիայի նախագահները, վերջիններիս կողքին նստել էր մրցաշարը հյուրընկալող երկրի նախագահը՝ Վլադիմիր Պուտինը, որին ընկերակցում էր ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը եւս VIP օթյակում էր նստած։ Հանրաճանաչ հարյուրավոր հյուրեր էին եկել եզրափակիչ խաղին, այնպես էր հայտնի անունների եւ հեղինակությունների պակաս չկար, անգամ Պամելա Անդերսոնն էր եկել «Լուժնիկի»՝ սատարելու իր սիրեցյալին՝ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ադիլ Ռամիին, ով այդպես էլ խաղաժամանակ չստացավ ամբողջ մրցաշարի ընթացքում։

Եզրափակիչ հանդիպումը ակտիվ սկսեցին խորվաթները։ Անգամ թվում էր, թե վերջիններս երբեք հոգնածություն չեն զգում եւ ամբողջությամբ պատրաստական են նախորդ տանջալից խաղերից հետո։ Չնայած ֆրանսիացիները պաշտպանվում էին, սակայն խորվաթների գրոհները արդյունքի՝ դարպասի գրավման չէին բերում։ Ֆրանսիացիները առաջին խաղակեսի միջնամասում որոշակի ակտիվություն ցուցաբերեցին, արդյունքում ստացան վտանգավոր դիրքից տուգանային հարված իրացնելու հնարավորություն։ Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո սեփական դարպասին պատահաբար գնդակը շեղեց Մարիո Մանջուկիչը՝ առավելությունը ֆրանսիացիներին տալով։

Խորվաթները չընկճվեցին բաց թողած գոլից հետո։ Կրկին մեծ ուժերով առաջ շարժվեցին, քանի որ այս մրցաշարում գրեթե միշտ փլեյ-օֆֆ փուլում հայտնվել էին պարտվողի դերում։ Ընդամենը 10 րոպե անց գեղեցիկ խաղարկելով տուգանային հարվածը՝ Իվան Պերիշիչը հայտնվեց հարվածային դիրքում եւ դիպուկ գտնվեց՝ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը՝ 1-1:



Չէր հասցրել 10 րոպե անցնել, երբ հանդիպման գլխավոր մրցավարին անհրաժեշտ եղավ դիմելու «VAR» տեսակրկնությունների համակարգին՝ խորվաթների դարպասին 11-մետրանոց հարված նշանակելու համար։ Չնայած պահն իսկապես վիճահարույց էր, քանի որ Իվան Պերիշիչը դիտմամբ չէր ձեռքով խաղացել սեփական տուգանային հրապարակում, սակայն ֆուտբոլ խաղի կանոնները գերադասելի էին արգենտինացի գլխավոր մրցավարի կողմից։

Նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Անտուան Գրիզմանը։ Խորվաթները փորձեր արեցին մինչեւ ընմիջում հանդիպման հաշիվը վերականգնելու, սակայն չստացվեց. Ֆրանսիայի հավաքականը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, թե ինչպես կարող է պաշտպանվել։

Երկրորդ խաղակեսը կրկին ակտիվ սկսեցին խորվաթները, սակայն ընդամենը 7 րոպեում նախ Պոլ Պոգբան, ապա Կիլիան Մբապեն հանդիպման հաիշվը խոշոր դարձրին՝ խորվաթներին դնելով շատ ծանր իրադրության մեջ։ Հանդիպման ավարտին կար 25 րոպե, սակայն Խորվաթիայի ընտրանին 3 գոլի տարբերությամբ պարտվում էր։ Հատկանշական է, որ Կիլիան Մբապեն Պելեից հետո դարձավ առաջին մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստը, որին հաջողվում է աչքի ընկնել Աշխարհի գավաթի եզրափակիչ խաղում։



Երբ թվում էր, թե խորվաթները գլխիկոր կշարունակեն հանդիպման մնացած ժամանակահատվածը եւ այլեւս նոր գոլեր չեն գրանցվի, Ֆրանսիայի հավաքականի ավագ Հուգո Լյորիսը, որոշեց իր թիմի ֆուտբոլիստներին առավել կենտրոնացված գործելու մղել՝ գոլի հեղինակ դառնալու շանս տալով Մարիո Մանջուկիչին՝ 4-2 հանդիպման 69-րդ րոպեին։ Խորվաթների՝ խաղը փրկելու հույսը կրկին արթնացավ, բայց հաղթական նիրհից արթնացել էին նաեւ ֆրանսիացիները, որոնք կարողացան պահպանել հանդիպման հաշիվը մինչեւ վերջ եւ երկրորդ անգամ պատմության մեջ հռչակվեցին Աշխարհի չեմպիոն՝ երկրորդ աստղիկն ավելացնելով իրենց մարզաշապիկի կրքին։

«Լուժնիկի» ստադիոնը ցնծում էր։ Ցնծում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Պակաս ուրախ չէր նաեւ Վլադիմիր Պուտինը, որին հաջողվել էր ապացուցել աշխարհին՝ Ռուսաստանում կարելի է ապահով ֆուտբոլի աշխարհի առաջնություն կազմակերպել, չնայած այն հանգամանքին, որ եզրափակիչ խաղում «Pussy Riot» խմբի ակտիվիստներին հաջողվեց ներխուժել խաղադաշտ եւ մի պահ պարալիզացնել ֆուտբոլիստների գործողությունները։ Շատ ուրախ էր նաեւ Խորվաթիայի նախագահը, որին հպարտանալու զգացում էին պատճառել իր երկրի ֆուտբոլիստները։

Մինչեւ Աշխարհի գավաթը 20 տարի անց կրկին կհանձնվեր Ֆրանսիայի հավաքականին, նախ հայտարարվեց, որ եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչլվե Անտուան Գրիզմանը։ Սա ֆրանսիացի հարձակվող համար առաջին նմանօրինակ պարգեւը չէր մրցաշարի ընթացքում։



Հայտարարվեց նաեւ մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողի անունը՝ Կիլիան Մբապե։ 19-ամյա ֆուտբոլիստը Պելեից հետո ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է։ «Մունդիալ-2018»-ի լավագույն դարպասապահ ճանաչվեց բելգիացի Տիբո Կուրտուան։ Ոսկե խաղակոշիկը, որը տրվում է մրցաշարի լավագույն ռմբարկուին, բաժին հասավ Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնին, որին հաջողվեց խմբային փուլում 6 գոլի հեղինակ դառնալ։ Հերթը հասավ նաեւ մրցաշարի «Ոսկե գնդակ»՝ լավագույն խաղացողի մրցանակին։ Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն իր արժանի խաղով նվաճեց այդ մրցանակը։ «Արծաթե գնդակ» մրցանակը բաժին ընկավ բելգիացի Էդեն Ազարին, իսկ աշխարհի չեմպիոն դարձած Անտուան Գրիզմանն արժանացավ «Բրոնզե գնդակ» մրցանակին։

Պարգեւատրման արարողության ժամանակ անձրեւը սաստկացավ եւ մրցանակաբաշխությունը վերածեց անմոռանալի միջոցառման, որի ժամանակ անձրեւանոց սկզբնական շրջանում միմիայն Վլադիմիր Պուտինի գլխին էր պահվում, մինչեւ կբերվեր նաեւ հյուրերի համար։ Սա ցնծություն էր առաջացրել ամբողջ տրիբունաներում, քանի որ պատկերները ցուցադրվում էին մեծ էկրանին։

Ֆրանսիայի հավաքականի 1998 թվականի ավագ Դիդյե Դեշանը, որը 2012 թվականից գլխավորում է Ֆրանսիայի հավաքականը, դարձավ ֆուտբոլի պատմության 3-րդ անձը, որին հաջողվում է Աշխարհի գավաթը նվաճել թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես ազգային հավաքականի մարզիչ։ Նախկինում այդպիսի արդյունք ցույց էին տվել այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Մարիո Զագալոն եւ Ֆրանց Բեկենբաուերը։



Ֆրանսիացիներին հանձնվեց բաղձալի գավաթը, որին հաջորդեց հրավառությունն ու միջոցառման ավարտը, որի մասին դեռ երկար է խոսվելու։ Առնվազն չորս տարի ֆրանսիացիները կլինեն Աշխարհի լավագույն հավաքականը, իսկ 2022 թվականին արդեն Կատարում, այն էլ ոչ թե ամռանը, այլ ձմռանը կրկին կորոշվի, թե որ երկիրն է աշխարհի չեմպիոն։

Ինչպես ընդունված է ասել՝ Allez La France!!! Allez Les Bleus!!!

Հ.Գ.։ Հուլիսի 16-ին լրանում է 25 տարի այն օրին, ինչ լույս աշխարհ եմ եկել։ Այնպես որ ավելի լավ նվեր, քան Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակից լինելն է, դժվար էր սպասել։ Շնորհակալ եմ «ԵՐԻՏԱՍԱՐԴ» առցանց պորտալին Աշխարհի առաջնությունը լուսաբանելու հնարավորություն տալու համար։