Նյութը՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-07-2018
ԵՊՀ մագիստրատուրայի ուսման կրթաթոշակ՝ համայնքային խնդիրների նորարար լուծումների համադրմամբ
ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի եւ «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագրի արդյունքում 10 ուսանող հնարավորություն կստանա անվճար ուսանել մագիստրատուրայում եւ կյանքի կոչել իր համայնքային խնդիրների լուծմանն միտված նորարարական ծրագրեր:



2018թ. փետրվարին մեկնարկած «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» ծրագրի շրջանակներում ԵՊՀ սոցիոլոգիայի ու տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետների բակալավրիատի ավարտական 4-րդ կուրսի շուրջ 20 մարզաբնակ ուսանողներ հնարավորություն ստացան մասնակցելու ծրագրերի մշակման եւ իրականացման խնդիրներին նվիրված դասընթացներին։ Ծրագրի ավարտին ուսանողների կողմից մշակվեցին համայնքային զարգացման ծրագրեր, որոնց գնահատման արդյունքում 10 լավագույն ծրագրերի հեղինակներին  մագիստրատուրայում ուսումը անվճար շարունակելու հնարավարություն ընձեռնվեց։  Հուլիսի 20-ին «Իբիս Երեւան Սենթր»  հյուրանոցում անցկացվեց ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ծրագրի մասնակից ուսանողներին շնորհվեցին համապատասխան վկայականներ։ 



«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանն իր խոսքում ներկաներին պատմեց իրականացված ծրագրի մասին: «Այս ծրագիրն իրականացվել է մոտ 5 ամիս: Հանձնաժողովը գնահատելիս ընտրել է օբյեկտիվ չափանիշներ՝ հաշվի է առել ուսանողների գնահատականները, սոցիալական կարգավիճակը եւ ներկայացված ծրագրերը, թե որքանով են դրանք համապատասխանել ֆորմատին»,- նշեց Գոհար Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ներկայացված ծրագրերը բոլորը հետաքրքիր էին, դրանց միջոցով ուսանողները ճանաչեցին նաեւ իրենց համայնքները: 



ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին: Նա շեշտեց, որ երկու կողմերն էլ գոհ են արդյունքներից, եւ հավելեց, որ սա, ինչ-որ տեղ, եզակի նախաձեռնություն է, քանի որ միաժամանակ մի քանի խնդիր լուծեց: Նախ՝ կազմակերպությունը հոգացել է ուսանողների ուսման վարձը, մյուս կողմից՝ կազմակերպվել են դասընթացներ, ստեղծվել են  նորարար գողափարներ: 



Միաժամանակ ուսանողների կողմից մշակված համայնքային զարգացման ծրագրերը կարող են հիմք հանդիսանալ իրենց առաջիկա մագիստրոսական թեզի թեմայի համար եւ «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը կաջակցի առավել արդյունավետ ծրագրերի իրականացմանը։ 



Այս առումով ծրագրի հեղինակները կարծում են, որ խիստ կարևոր է, որ ծրագրի շահառուները մարզաբնակ երիտասարդներ են, որոնք հնարավորություն կունենան ուսումը շարունակել մագիստրատուրայում եւ միաժամանակ նպաստել իրենց համայնքների զարգացմանը։