Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-07-2018
Օրական ավելի քան 50 կմ վազք եւ ավելի քան 150 քաղաք հաղթահարել՝ Երեւան հասնելու համար
Եթե աշխարհի ամենաբարձր գագաթը հաջողվել է նվաճել, ապա Հայաստան ուխտի կարելի է գալ նաեւ վազքով, ինչը եւ արել է ֆրանսահայ Արա Խաչադուրյանը։

«Խաղաղության վազք». այսպես էր կոչել իր քայլը Մարսելից մինչեւ Երեւան շտապող ֆրանսահայ Արա Խաչադուրյանը: Լեռնագնացության նկատմամբ մեծ սեր ունեցող ֆրանսահայը, ով կարողացել է հաղթահարել աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը, որոշել էր անցնել 4550 կմ Ֆրանսիայի Մարսել քաղաքից Երեւան՝ Հանրապետության հրապարակ հասնելու համար: 107 օրում հաջողվեց իրականություն դարձնել մտադրությունը։ 

Արա Խաչադուրյանի խոսքով` նախաձեռնության նպատակն աշխարհին խաղաղության կոչ հղել է. «Ուզում էի խաղաղության համար վազել, որովհետեւ ձանձրացել էի աշխարհի բոլոր 4 կողմերից պատերազմների մասին լսելուց: Ֆրանսիան ինձ դեռ 1983 թ.-ին որդեգրեց, երբ Լիբանանը թողեցի եւ նոր միջավայր տեղափոխվեցի: Հայաստանն էլ իմ հայրենիքն է։ Ուզում էի երկու երկրներն իրար միացնել իմ վազքով»։

Ապրիլի սկզբին Արա Խաչադուրյանը սկսեց իր վազքը, սակայն վազքով Ֆրանսիայից Հայաստան հասնելու որշումը կայացրել էր դեռ երկու տարի առաջ. «Ինչ-ինչ պատճառներով այս գաղափարը հետաձգվում էր: Հիմա դրա համար չեմ փոշմանում: 2018 թ.-ը շատ խորհրդանշական է, որովհետեւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության 100 եւ Երեւանի 2800-ամյակների հետ է համընկում: Եկա Հայաստան խաղաղ հեղափոխություն իրականացնելու համար շնորհավորական խոսքս փոխանցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։

«Խաղաղության վազք»-ն իրականացվել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության աջակցության շնորհիվ: Մարսելից մեկնարկելով՝ Արա Խաչադուրյանն անցել է Եվրոպայով, հասել Թուրքիա, եղել Արեւմտյան Հայաստանում, որտեղ անգամ նախատեսում էր ուղերձ-նամակ փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, սակայն Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունները խոչընդոտել են նախաձեռնությունն իրականացնելուն:

Ամենաերկար ժամանակահատվածն Արա Խաչադուրյանն անցկացրել է Թուրքիայում։ Գրեթե 2000 կմ եւ 45 օր է տեւել այնտեղ վազքով ճանապարհը հաղթահարելը. «Ընտրությունների ժամանակ էի Թուրքիայում եւ չգիտեի՝ Ռեջեփ Էրդողանը կընտրվի, թե ոչ։ Հաջորդ անգամ պետք է անպայման փոխանցեմ նամակն իրեն: Նամակում գրել էի, որ պետք է ընդունեն Հայոց ցեղասպանությունը, եւ հենց այդ նամակն էր, որ ինձ մինչեւ Հայաստան վազելու միտք էր տվել»։

Մինչեւ Արա Խաչադուրյանի վազքի մեկնարկը դեռ Մարսելում նրան հանդիպել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը։ Դեսպանը խոստացել էր, որ արդեն Հայաստանում կմիանա իրեն եւ նույնպես կվազի: Հանրապետության հրապարակում Ֆրանսիայի դեսպանն այլեւս փողկապով եւ կոստյումով չէր։

«Խոստացա, որ վերջին 6 կմ պետք է Արայի հետ վազեմ ու խոսքիս տեր կանգնեցի: Պետք է հույս ունենանք, որ հաջորդ անգամ կկարողանանք բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանները, եւ այնտեղով վազենք ու գանք Հայաստան: Ֆրանսիան իր հասանելիքն արդեն արել է։ Հիմա պետք է երկու պետությունները կարողանան համաձայնության գալ»,- ասաց դեսպան Ջոնաթան Լաքոթը:

Արա Խաչադուրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իր վազքի ընթացքում մեծ ուշադրության եւ ընդունելության է արժանացել հայկական Սփյուռքի կողմից: Վերջինիս խոսքերը փաստեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանը. «Ամբողջ ընթացքում հետեւել ենք Արա Խաչադուրյանի հետագծին։ Խորհրդանշական է, որ այն համընկել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ: Նույնիսկ հումորով կարելի է ասել, որ հեղափոխական իր քայլերթը Արա Խաչադուրյանը սկսել էր մեզնից ավելի շուտ»։

Ի դեպ, ֆրանսահայ մարզիկը պատրաստվում է 15 օր մնալ Հայաստանում։ Այդ ընթացքում էլ նրան այցելություն է սպասվում նաեւ Արցախ, բացի այդ մարզիկը պատրաստակամ է երիտասարդներին իր օրինակով ցույց տալ, որ աշխատանքի արդյունքում կարելի է հասնել բազմաթիվ նպատակների իրականացման: Հատկանշական է, որ ապրիլի սկզբից վազելով օրական 50 կմ եւ անցնելով շուրջ 150 քաղաք՝ Արա Խաչադուրյանը հասցրել է մեծ փորձ կուտակել, ինչը կարող է օգտակար լինել նաեւ ճանփորդությամբ հետաքրքրվողների համար։

Պատկերասրահ՝ «Խաղաղության վազք». Արա Խաչադուրյան