Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 31-07-2018
«Ախթամար» լեգենդը՝ սառույցի վրա կներկայացվի բոլորովին թարմ շնչով
Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլուշչենկոյի «KINGS ON ICE» Սառույցի արքաները սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն է կազմելու սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում- մյուզիքլը սառույցի վրա:

Ներկայացման առաջին հատվածում հանդիսատեսը կվայելի հանրահայտ մարզիկների՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի առաջնությունների հաղթողների, սառցե բեմերի աստղերի անհատական կատարումները: Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշ է եղել ոչ միայն նրանց տեխնիկական վարպետության բարձր մակարդակը, այլեւ մարզիկների անգերազանցելի արտիստիզմը: Մարզիկների դասական կատարումների եւ յուրօրինակ համարների համադրումը խոստանում են տպավորությունների անկրկնելի ելեւէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ՝ նորարարական լուծումների եւ վառ տպավորությունների սիրահարների համար: Երկրորդ հատվածն առանձնահատուկ նվեր կլինի հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Լեգենդար գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների: Հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտությունը կկատարեն Հայաստանի լավագույն երաժիշտները: Հսկայական տեսաէկրանը, բարձրտեխնոլոգիական հատուկ էֆեկտները, ջուրն ու կրակը կդառնան երեւակայությունը ցնցող դեկորացիաներ, որտեղ կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը:

Նշենք, որ Երեւանում կայանալիք սառցե շոուի հեդլայներներն են Եվգենի Պլյուշենկոն եւ Իրինա Սլուցկայան: Վերջինս ռուս գեղասահորդուհի է, 2002 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր, 2006 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն (2002, 2005), պատմության մեջ Եվրոպայի առաջին յոթակի չեմպիոն մենասահորդուհի (1996, 1997, 2000, 2001, 2003, 2005, 2006), Գրան-Պրիի եզրափակչի քառակի հաղթող (1999-2000, 2000-2001, 2001-2002, 2004-2005): Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ է: Ունի 40 ոսկե, 21 արծաթե, 18 բրոնզե մեդալներ: 

«Ինձ շատ հաճելի է կրկին լինել Հայաստանում այս անգամ ձեր երկրին, մշակույթին, պատմությանը ծանոթանալու նպատակով: Հայաստանում կայանալու է մեծ պրեմիերա՝ «Ախթամար» լեգենդի սառցե ներկայացում-մյուզիքլը: Ինձ համար մեծ պատասխանատվություն եւ պատիվ է լինել այս մյուզիքլի գլխավոր դերում: Ես խաղալու եմ Անահիտ աստվածուհու դերը, եւ ինձ համար այս դերը շատ հոգեհարազատ է: Մեծ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում այս ներկայացման վրա: Երբ ինձ դեր առաջարկեցին այս մյուզիքլում եւ ասացին, թե ում պետք է մարմնամավորեմ, սցենարին ծանոթանալուց հետո «Ախթամար» լեգենդն ինձ շատ հուզեց: Ես մի քանի անգամ կարդացի լեգենդը եւ առանց վարանելու համաձայնեցի խաղալ ներկայացման մեջ»,- շոուի պրեմիերային նվիրված ասուլիսի ընթացքում ասաց Իրինա Սլուցկայան:

Սլուցկայան փաստեց, որ հասցրել է այցելել բազմաթիվ թանգարաններ, պատմամշակութային վայրեր, ամբողջովին ընկղմվել է Հայաստանի պատմության, մշակույթի մեջ՝ իր դերն առավել լավ մարմնավորելու համար: 

«Ինձ առանձնահատուկ գրավում է հայկական մշակույթն ու մեր օրերի հայկական կոլորիտը: Հիացած եմ Երևանի Արարատ կոնյակի գործարանով: Արարատը հայի պատմության վեհությունն ու անզուգական դեմքն է, և Արարատ անունը կրող կոնյակի գործարանն էլ շարունակում է պատմության լավագույն ավանդույթները: Ես շրջում եմ տարբեր պատմական վայրերով, քայլում Երեւանի փողոցերով, որպեսզի ավելի լավ ճանաչեմ հայի կերպարն ու կարողանամ մեր ներկայացում-մյուզիքլի համաշխարհային պրեմիերայի օրը ճիշտ մատուցել Անահիտի կերպարը հայ հանդիսատեսին»,- ասաց նա:

Նշենք, որ «Ախթամար» ներկայացում-մյուզիքլը երեւանյան պրեմիերայից հետո կներկայացվի նաեւ աշխարհում: