Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-08-2018
Հյուսիսային պողոտայում անցկացվեց «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում անցկացվեց «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը:

Ավանդույթի համաձայն, առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն էր: Ներկայացված էին հայկական ազգային և այլ երկրների նմուշներին: Փառատոնը բաղկացած էր երկու հատվածից. ցուցահանդես-տոնավաճառից հետո կներկայացվեն հայ դիզայներների նոր հավաքածուները:

Այս տարի փառատոնին մասնակցել է 25 տաղավար: Իրենց պատրաստած տարազները, զարդանախշերը, գործերն ու այլ նմուշները ներկայացրել էին «Տերյան մշակութային կենտրոնը», «Տարազ և արտ» ֆոտոլաբը, Ասեղնագործ վարպետները, «Tashir Street» առևտրի կենտրոնը, «Հայկական ապրանքանիշեր» ընկերությունը, «Ֆոտո ատելիե Մարաշլեանը», «Անահիտ Սիմոնյան ֆեյշն» նորաձևության տունը, «Տարազ ԷյԷմ» ազգային նորաձևության սրահը, «Տարազ» ընկերությունը, «Շուշան-Տաթև» ձեռագործ զարդերի ընկերությունը, «Hand made by Arus» ընկերությունը, «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամը, «Հայտիկնիկ» ընկերությունը, «Մեգերյան կարպետը», «Շադոյան Ֆեյշն» նորաձևության տունը, ինչպես նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը:



Բարի ավանդույթ է դարձել նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը փառատոնին: Իրենց ազգային մշակույթը տաղավարներում ներկայացրել էին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունները, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ-ն, «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միությունը, Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիան:

«Մենք կարևորում ենք փառատոնում այլ ազգերի մշակույթի ներկայացումը: Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի փառատոնին մասնակցում են այլ ազգերի ներկայացուցիչներ՝ ներկայացնելով իրենց ազգային, մշակութային առանձնահատկությունները: Ինչպես զբոսաշրջիկներին են հետաքրքրում մեզ ազգային տարազն ու ավանդույթները, այդպես էլ Հայաստանի բնակիչները մեծ սիրով մոտենում են այլ ազգերի տաղավարներին, հետաքրքրվում նրանց մշակույթով: Սա կարելի է համարել մշակութային հարաբերությունների ստեղծում հայ և այլ ազգերի միջև»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը: 

Փառատոնի ընթացքում հանդիսատեսի համար ելույթ են ունեցել «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթը, «Միլեն» պարային համույթը: Հետաքրքիր ելույթներով են հանդես եկել նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող մասնակիցները:

Պատկերասրահ՝ «Երեւան ՏԱՐԱԶֆեստ - 2018»